ՀՀ նախագահը Թուրքիային չի խնդրել ղարաբաղյան կարգավորման միջնորդության մասին. պատգամավոր
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիային միջնորդի դեր չի առաջարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։ Այս մասին ուրբաթ հայտնեց «Օրինաց երկիր» կոալիցիոն կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում։
«Իրազեկ լինելով մամուլում այս հարցի վերաբերյալ տեղ գտած հրապարակումներին, հաշվի առնելով, որ «Օրինաց Երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն է՝ ես տեղեկացված եմ երկու նախագահների միջև տեղի ունեցած խոսակցության բովանդակության մասին։ Նախագահ Սարգսյանը չի առաջարկել Թուրքիային միջնորդի դեր ստանձնել, այլ առաջարկել է աջակցություն ցուցաբերել»,- ընդգծեց նա։
Բիշարյանի խոսքերով, քարոզչությունը թուրքական և ադրբեջանական մամուլում պարզապես չհասկացվածության արդյունք է։
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը սեպտեմբերի 6-ին մեկօրյա այցով գտնվում էր Երևանում, որտեղ բանակցություններ անցկացրեց ՀՀ նախագահի հետ։ Դրանից հետո թուրքական և ադրբեջանական մամուլում հայտնվեցին հրապարակումներ այն մասին, թե Սերժ Սարգսյանն իբրև թե Թուրքիային առաջարկել է միջնորդի դեր ստանձնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-