Ուրբաթ Երևանում նշվում է Միավորված ազգերի կազմակերպության օրը

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ուրբաթ Երևանում նշում են Միավորված ազգերի կազմակերպության օրը։
ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի շենքի առջև բարձրացվեց Կազմակերպության դրոշը, և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալը ընթերցեց գլխավոր քարտուղար Պան Գի Մունի ուղերձը։
Այնուհետև Վիդալն իր խոսքում նշեց, որ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ հիմնելուց հետո կազմակերպության գործակալություններն իրենց մանդատների շրջանակներում ակտիվորեն իրականացնում են երկրում իրենց ծրագրերը՝ հաշվի առնելով տեղական գերակայությունները։
«ՄԱԿ-ն աջակցում է Հայաստանի իշխանություններին ժողովրդական և օրինապահ հասարակության ստեղծման գործում»,- ասաց նա։
Ըստ նրա, ՄԱԿ-ի ընտանիք մտնելով՝ Հայաստանը պարտավորվեց խրախուսել մարդու իրավունքներն ու սեռական հավասարությունը, պայքարել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և այլ հիվանդությունների դեմ, ինչպես նաև աջակցություն ցուցաբերել կրթության համակարգի զարգացմանը, աղքատության հաղթահարմանը։
Նա նշեց, որ ներկայում Հայաստանում գործում է ՄԱԿ-ի 12 գործակալություններ, որոնք աջակցում են հանրապետության կառավարությանը կոռուպցիայի հաղթահարման գործում՝ ուշադրությունը սևեռելով համայնքային զարգացման վրա։
Տոնական միջոցառումների շրջանակներում ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում տեղի ունեցավ Կազմակերպության նորացված կայքի շնորհանդեսը՝ www.un.am։ Կայքը պարունակում է հետևյալ բաժինները՝ Կենտրոնական գրասենյակ, Փաստեր ՄԱԿ-ի մասին, ՄԱԿ-ի անդամ-երկրների դրոշներ, Միջազգային իրավունք, ՄԱԿ-ը Հայաստանում, ՄԱԿ-ի գործակալություններ, Հայաստանի մասնակցությունը ՄԱԿ-ի պայմանագրերում, Տեղեկանքներ երկրի մասին, ՄԱԿ-ի մշտական համակարգող։
1945թ. հոկտեմբերի 24-ին ՄԱԿ-ի Կանոնադրությունը վավերացնող պետությունների թիվը հասավ 29-ի՝ դրանով իսկ ապահովելով անհրաժեշտ մեծամասնությունը, և ՄԱԿ-ի Կանոնադրությունն ուժի մեջ մտավ։ Այդ օրվանից հոկտեմբերի 24-ը ամեն տարի նշվում է որպես Միավորված ազգերի կազմակերպության օր։ 60 տարվա ընթացքում ՄԱԿ-ը նկատելիորեն ընդլայնվեց և այժմ նրա կազմի մեջ է մտնում 191 պետություն։
ՄԱԿ-ի գլխավոր մարմիններն են՝ Գլխավոր ասամբլեան, Անվտանգության Խորհուրդը, Տնտեսական և սոցիալական խորհուրդը, Միջազգային դատարանը։
ՄԱԿ-ն ունի մի շարք սեփական մասնագիտացված հաստատություններ՝ միջազգային միջկառավարական կազմակերպություններ տնտեսական, սոցիալական և հումանիտար հարցերով։ ՄԱԿ-ի ընդհանուր համակարգի մեջ են մտնում նաև ինքնավար կազմակերպություններ, այնպիսիք, ինչպիսիք են Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՄԿ) և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ)։ -0-