Ռուսաստանը ժամանակին խլեց ղարաբաղյան կարգավորման նախաձեռնությունը. ռուս փորձագետ

23.10.2008, 17:22
Ռուսաստանը ժամանակին խլեց  ղարաբաղյան կարգավորման նախաձեռնությունը. ռուս փորձագետ
Ռուսաստանը ժամանակին խլեց  ղարաբաղյան կարգավորման նախաձեռնությունը. ռուս փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանը ժամանակին խլեց   ղարաբաղյան կարգավորման նախաձեռնությունը, գտնում է ՄՄՀՊԻ Կովկասյան հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն, պրոֆեսոր Վլադիմիր Զախարովը։

«Ռուսաստանի նախագահի այցը Հայաստան շատ տեղին էր ու ժամանակին, չէ՞ որ բոլորովին վերջերս ԱՄՆ-ն խլեց  ղարաբաղյան կարգավորումը։ Դա ամենակարևոր հարցն է, որ կանգնած է այժմ և Հայաստանի, և Ադրբեջանի առջև, իսկ Ռուսաստանն այդ թեմայի նկատմամբ անտարբեր չէ»,- հինգշաբթի հայտարարեց նա Երևանի «Նովոսստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած «ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի Հայաստան այցի արդյունքները» տեսակամրջի ընթացքում։

Ինչպես հայտնեց Զախարովը, Հարավային Կովկասի հնգօրյա պատերազմը ցույց տվեց, «թե ինչ է նշանակում, երբ ԱՄՆ-ն իր ձեռքն է վերցնում բոլոր գործերը, այսպես կոչված, հակամարտությունների կարգավորումը հետխորհրդային տարածքում»։

«Այդ պատճառով էլ Ռուսաստանը ժամանակին խլում է այդ նախաձեռնությունը, և ես դա շատ դրական եմ համարում։ Առկա տվյալներով, արդեն նոյեմբերին պետք է տեղի ունենա երեք՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը։ Ես գիտեմ, որ հայկական մամուլում ամենատարբեր տեսակետներ են արտահայտվում, բայց դրանք առայժմ ենթադրություններ են, և մենք էլ դեռևս չենք սկսի խոսել այն մասին, իսկ ինչ կլինի, եթե...»,- ասաց նա։

Նա համոզված է, որ բանակցությունները երեք նախագահների միջև պետք է սկսվեն, իսկ եթե դա տեղի չունենա, ուրեմն գործը կանգ է առել։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։ -0-