Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմը մտահոգված է Սուրբ Նորաշեն հայկական եկեղեցու հետ կապված իրավիճակով

23.10.2008, 14:33
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմը մտահոգված է Սուրբ Նորաշեն հայկական եկեղեցու հետ կապված իրավիճակով

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու (ՀԱԵ) Վիրահայոց թեմն իր մտահոգությունն ու վրդովմունքն է արտահայտում Վրաց Ուղղափառ Եկեղեցու (ՎՈՒԵ) ներկայացուցիչների կողմից Թբիլիսիի «Սուրբ Նորաշեն» հայկական եկեղեցու և նրա հարակից տարածքի դեմ կատարվող նոր ոտնձգությունների առնչությամբ:

Սուրբ Նորաշենե հայոց եկեղեցին կառուցվել է 15-րդ դարում։ 20-րդ դարի 30-ական թվականներին եկեղեցին, այլ կրոնական կառույցների հետ մեկտեղ, փակվել է հոգևոր գործունեության համար և օգտագործվել որպես գրապահոց: «Ավաղ, Վրաստանի պետական անկախության վերականգնումից հետո Վրացական իշխանությունը չվերադարձրեց եկեղեցին իր օրինական, պատմական տիրոջը», - ասվում է ՀԱԵ-ի Վիրահայոց թեմի մամլո դիվանի տեղեկատվության մեջ, որը հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանն է տրամադրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։

Սույն թվականի մայիսին Վրաց Ուղղափառ Եկեղեցու ներկայացուցիչները «Սուրբ Նորաշեն» հայկական եկեղեցին և նրա հարակից տարածքը պարսպապատելու նպատակով սկսեցին կառուցել մետաղյա պարիսպ՝ ներառելով Վրաց Ուղղափառ Եկեղեցուն բնորոշ կրոնական էլեմենտներ: Եվս մեկ հայկական եկեղեցու ծրագրված գրավման փորձի կապակցությամբ Վիրահայոց թեմը որակավորել է այդ քայլը՝ որպես վրացական կողմի հետ պայմանավորվածության խախտում, որը ձեռք է բերվել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Վրաց Ուղղափառ Եկեղեցու միջև՝ «Սուրբ Նորաշեն» և Թբիլիսիի մյուս չորս՝ «Սուրբ Նշան», «Շամխորեցոց Կարմիր Ավետարան Սուրբ Աստվածածին», «Երևանցոց Սուրբ Մինաս», «Մուղնեցոց Սուրբ Գևորգ» հայկական եկեղեցիները Վիրահայոց թեմին վերադարձնելու հարցի քաղաքակիրթ լուծման շրջանակներում:

«Այս ամենը դժգոհության ալիք է բարձրացրել Վիրահայոց թեմի հավատացյալների շրջանում, և դրությունը սպառնում էր վերաճել միջկրոնական ընդհարման երկու եղբայրական քրիստոնյա ժողովուրդների միջև», - ասվում է տեղեկատվության մեջ։ Վիրահայոց թեմը դիմել է Թբիլիսիի քաղաքապետարան, որը որոշում է կայացրել քանդել անօրինական պարիսպը, սակայն այդպես էլ չի իրականացրել իր որոշումը՝ պատճառաբանելով, որ դրան խոչընդոտում է հայր Տարիելը:

«Հայր Տարիելի ղեկավարությամբ հայկական եկեղեցու շուրջ վրացական պարիսպի շինարարությունը շարունակվում է, և իշխանությունները դրան չեն խոչընդոտում», - նշվում է տեղեկատվության մեջ։

Փաստաթղթի մեջ տեղեկացվում է, որ եկեղեցիների վերադարձի խնդիրը Վրաստանում նշված է ՄԱԿ-ի Մադու իրավունքների կոմիտեում և ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտի տարեկան զեկույցում:

«Մենք փաստում ենք, որ Վրաստանում առկա է կրոնական և ազգային խտրականություն», - ընդգծվում է տեղեկատվության մեջ։

ՀԱԵ-ի Վիրահայոց թեմը կոչ է անում Վրաստանի համապատասխան պետական կառույցներին՝ լուծել վերոնշյալ խնդիրը և հիշեցնում է պատմական հայկական եկեղեցիները քաղաքակիրթ կերպով վրացահայ համայնքին վերադարձնելու մասին ձեռք բերված համաձայնությունը։

«Հակառակ դեպքում իրադարձությունների զարգացումը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների, որի ողջ պատասխանատվությունը կընկնի Վրաստանի կառավարության և Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքարանի վրա», - ասվում է տեղեկատվության մեջ։-0-