Հայաստանի նպատակն է ստեղծել կայուն զարգացող հասարակություն. ՀՀ նախագահ

22.10.2008, 19:34
Հայաստանի նպատակն է ստեղծել կայուն զարգացող հասարակություն. ՀՀ նախագահ
Հայաստանի նպատակն է ստեղծել կայուն զարգացող հասարակություն. ՀՀ նախագահ

Հայաստանի նպատակն է ստեղծել կայուն զարգացող հասարակություն, չորեքշաբթի ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ և թույլ զարգացած երկրների, դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների և փոքր կղզիների զարգացող պետությունների բարձրագույն ներկայացուցիչ Շեյք Սիդի Դիարայի հետ հանդիպման ժամանակ։

Դիարան Երևանում է գտնվում Կրթության և զարգացման գլոբալ ինովացիոն համաժողովին մասնակցելու նպատակով։

Ինչպես «Նովոստի-Արմենի» գործակալությանը հայտնեցին ՀՀ ղեկավարի մամուլի ծառայությունից, նախագահը նշել է, որ Հայաստանի կառավարությունը տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը հռչակել է գերակա ուղղություն։

«Տեղեկատվական հասարակության ստեղծման ճանապարհին պետությունը հատկապես խրախուսում է այս ոլորտում երիտասարդության ակտիվությունն ու ներգրավվածությունը»,- ասել է Սարգսյանը:

Ողջունելով  տեղեկատավական տեխնոլոգիաները և հեռահաղորդակցությունը զարգացնելու Հայաստանի վճռականությունը, ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ այն թույլ կտա գիտելիքը ներդնել երկրի զարգացման ներուժի մեջ, ինչը հատկապես կարևոր է դեպի ծով ելք չունեցող երկրների համար, ինչպիսին  Հայաստանն է:

Կողմերը համակարծիք են եղել, որ գիտելիքի վրա հիմնված տնտեսությունը երկրին հնարավորություն է տալիս շատ ավելի մրցունակ լինել:

Զրուցակիցները խոսել են նաև հաղորդակցության այլընտրանքային ուղիների մասին և ընդգծել դրանց անհրաժեշտությունը:

Նախագահ Սարգսյանի խոսքով, հաղորդակցության հնարավորությունների մեծացմանը զգալիորեն կարող է օժանդակել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացվածության աստիճանը:-0-