Երևանի անկարգություններն ուսումնասիրող հանձնաժողովի լիազորությունների երկարաձգումը փոփոխություններ չի բերի նրա գործունեության մեջ

22.10.2008, 18:19
Երևանի անկարգություններն ուսումնասիրող հանձնաժողովի լիազորությունների երկարաձգումը փոփոխություններ չի բերի նրա գործունեության մեջ

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում մարտի 1-2-ի անկարգություններն ուսումնասիրող հանձնաժողովի լիազորությունների երկարաձգումը փոփոխություններ չի բերի նրա գործունեության մեջ, կարծում է ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունից Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը։

«Հանձնաժողովի լիազորությունների երկարաձգումով խորհրդարանը փորձում է համոզել հայ հասարակությանը, թե նա ի զորու է լուծել իր առջև դրված խնդիրները»,- ասաց նա։

ՀՀ ԱԺ պատգամավորները չորեքշաբթի նիստի ընթացքում չորս ամսով երկարաձգեցին Երևանում մարտի 1-2-ի անկարգություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի լիազորությունները։

Մարտյան դեպքերի ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը ստեղծվել է 2008թ. հունիսի 16-ին ԵԽԽՎ պահանջների շրջանակներում՝ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վիճակի թիվ 1609 բանաձևի համաձայն։ Հանձնաժողովը իր աշխատանքները պետք է ավարտեր և Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների վերաբերյալ հաշվետվություն ներկայացներ հոկտեմբերի 25-ին։

Մարտիրոսյանի խոսքերով, ժամանակավոր հանձնաժողովը չունի լիազորություններ, որոնք հնարավորություն կտային լույս սփռել հայ հասարակայնությանը հետաքրքրող հարցերի վրա։

«Մասնավորապես, հանձնաժողովը չի կարող հարցաքննել մարդկանց, ում շուրջ ծավալվել են մարտի 1-ի դեպքերը, մասնավորապես, Հայաստանի առաջին և երկրորդ նախագահներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին»,- նշեց պատգամավորը, հավելելով, որ, համաձայն օրինագծի, նրանք կարող են կանչել միայն պետական պաշտոնատար անձանց, իսկ նրանք այլևս պաշտոնատար չեն։

Մարտիրոսյանը հիշեցրեց, որ իր գործունեության ընթացքում հանձնաժողովը չի ներկայացրել նույնիսկ միջանկյալ զեկույց կամ եզրակացություն, և մարտի մեկի դեպքերի վերաբերյալ շատ հարցեր այդպես էլ բաց են մնացել։

Նախագահական ընտրություններում պարտություն կրելուց հետո հայկական արմատական ընդդիմությունը՝ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում բողոքի ցույցեր էր անցկացնում, որոնք մարտի 1-2-ին վերածվեցին անկարգությունների ու բախումների՝ ցուցարարների և ոստիկանության աշխատակիցների միջև, ինչի արդյունքում վիրավորվեց ավելի քան 200 մարդ, տասը հոգի մահացավ և ավելի քան 100-ը ձերբակալվեց։ -0-