ՄԱԿ-ը կաջակցի Հայաստանին դեպի ծով ելք չունեցող երկրների վեհաժողովին միանալու գործում
ՄԱԿ-ը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հայաստանին դեպի ծով ելք չունեցող երկրների վեհաժողովին միանալու գործում, չորեքշաբթի Երևանում լրագրողներին ասաց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղեկալ և թույլ զարգացած երկրների, դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների և փոքր կղզիների զարգացող պետությունների բարձրագույն ներկայացուցիչ Շեկ Սիդի Դիարան (Cheick Sidi Diarra)։
Ներկայում գոյություն ունի 44 պետություն, որոնց սահմանները ելք չունեն դեպի համաշխարհային օվկիանոս։ Նման պետություններն ամենից շատ Աֆրիկայում են՝ 15 երկիր, Եվրոպայում դրանք 14-ն են, Ասիայում՝ 12-ը և Հարավային Ամերիկայում՝ 2-ը։
Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների թվում են մասնավորապես Հայաստանը, Ադրբեջանը, Աֆղանստանը, Բոլիվիան, Զամբիան, Ղազախստանը, Ղրղզստանը, Մալավին, Լեսոտոն, Մալին, Մոնղոլիան, Նեպալը, Պարագվայը, Ռուանդան, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուգանդան և Եթովպիան։
Տվյալ պահին դեպի ծով ելք չունեցող երկրների վեհաժողովի անդամ են հանդիսանում 31 պետություններ։
«ՄԱԿ-ը աջակցելու է Հայաստանին կարգավիճակի ստանալու և դեպի ծով ելք չունեցող երկրների վեհաժողովի անդամ դառնալու գործում»,- ասասց Դիարան։
Նրա խոսքերով, Հայաստանի միացումը Վեհաժողովին թույլ կտա երկրին օգտվել միջազգային աջակցությունից, որը տրամադրվում է երկրներին ՄԱԿ-ի և միջազգային հանրության ներկայացուցիչների կողմից հաստատված չափանիշներով, որոնք ամրագրվել են «Ալմաաթիի գործողությունների ծրագրում»՝ հաստատված 2003 թ.-ին։
Նա նշեց, որ ծրագիրը բաղկացած է 4 չափանիշներից, որոնց թվում է ազգային մակարդակով բարենպաստ պայմանների ստեղծումը ապրանքների ինքնարժեքի իջեցման համար, ինչը դրանք մրցունակ կդարձնի։
Չափանիշների մեկ այլ խումբ է տարածաշրջանային մասշտաբով ֆիզիկական ենթակառուցվածքի զարգացումը։ Երրորդ չափանիշը առևտրի զարգացումն է, հատկապես այն երկրներում, որոնք ԱՀԿ անդամ չեն հանդիսանում։
Չափանիշների չորրորդ խումբը միջազգային սատարման ակտիվացումն է, ընդլայնումն ու միավորումը՝ ուղղված, մասնավորապես, արտաքին պարտքի կրճատման և օտարերկրյա ներդրումների գրավման գործում երկրների զարգացմանն ու օգնությանը, ինչը նրանց ավելի գրավիչ կդարձնի։
«Հայաստանը պետք է իր համար տարբերակի տրանսպորտային ենթակառուցվածքների ազգային առաջնահերթությունները և զարգացնի տարածաշրջանային հարաբերությունները, ինչը ՄԱԿ-ը կարևորում է տարածաշրջանային համագործակցության համատեքստում»,- ասաց Դիարան։
Նա նշեց տարանցիկ երկրների հետ համագործակցելու անհրաժեշտությունը, ինչը ոչ միայն թույլ կտա ստեղծել բարիդրացիական հարաբերություններ, այլև փոխշահավետ կլինի։-0-