ՀՀ նախագահը կարևորում է ԱՊՀ հատուկ ծառայությունների կանոնավոր շփումները

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի ընդունել է Երևանում անցկացվող ԱՊՀ երկրների անվտանգության և հատուկ ծառայությունների մարմինների (ԱՀԾՄ) ղեկավարների խորհրդի նիստի մասնակիցներին, տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։
Նման բազմակողմ հանդիպումները գնահատելով չափազանց օգտակար՝ նախագահը դրանք կարևորել է տեղեկատվության, փորձի փոխանակման, վտանգավոր երևույթների դեմ համատեղ գործողությունների մշակման ու իրականացման տեսանկյունից։
«Աշխարհը շատ արագ փոխվում է, առաջ են գալիս նոր իրողություններ ու մարտահրավերներ, և դրա հետ մեկտեղ փոխվում են նաև անվտանգության ծառայության մարմիններին ներկայացվող պահանջները», - ասել է ՀՀ նախագահը։
Նրա խոսքերով, անվտանգության մարմինների կանոնավոր շփումները նպաստում են առկա սպառնալիքներին համահունչ միջոցառումների մշակմանն ու իրագործմանը:
ԱՊՀ երկրների ԱՀԾՄ ղեկավարների խորհրդի նախագահ, ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ղեկավար գեներալ Ալեքսանդր Բորտնիկովն իր հերթին համառոտակի ներկայացրել է խորհրդի հոբելյանական 25-րդ նիստի ընթացքում քննարկված հարցերը:
Բորտնիկովը նշել է, որ այդ հարցերը հինականում հակաահաբեկչական բնույթի են և նպատակն է ապահովել համակարգված գործողություններ և փոխգործակցության բարձր մակարդակ։
Արդյունավետ աշխատանքի համար նա կարևորել է համապատասխան իրավական նորմատիվային դաշտի ձևավորումը:
Երկրի ղեկավարը անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհուրդը համարել է ԱՊՀ առավել գործունյա և արդյունավետ մարմիններից մեկը։-0-