Հայաստանում պայքարը համակարգչային պիրատության դեմ պետք է իրականացնել պետական մակարդակով. Microsoft

21.10.2008, 18:54
Հայաստանում պայքարը համակարգչային պիրատության դեմ  պետք է իրականացնել պետական մակարդակով. Microsoft
Հայաստանում պայքարը համակարգչային պիրատության դեմ  պետք է իրականացնել պետական մակարդակով. Microsoft

Հայաստանում համակարգչային պիրատության դեմ պայքարը պետք է իրականացվի պետական մակարդակով, հայտարարեց Հայաստանում «Մայքրոսոֆթ» ընկերության կորպորատիվ արտոնագրման մենեջեր Արմեն Պապյանը։

«2007թ. արդյունքներով Հայաստանում համակարգչային պիրատության մակարդակը, Մտավոր սեփականության միջազգային դաշինքի տվյալներով, կազմել է 93 տոկոս, ինչը 2006 թվականի ցուցանիշից ցածր է ընդամենը 2 տոկոսով»,- երեքշաբթի մտավոր սեփականության իրավունքների խախտմանը նվիրված «Ազնիվ խաղի օր» կլոր սեղանի ընթացքում հայտնեց Պապյանը։

Նա նշեց, որ Հայաստանն այս ցուցանիշով առաջատար է Դաշինքի հետազոտության մեջ ներգրավված 126 երկրների շարքում։

Միաժամանակ Պապյանը նշեց պայքարի հինգ հիմնական ուղղություններ պիրատության բարձր մակարդակի դեմ՝ օրենսդրական բարեփոխումներ, օրենքի կատարման մեխանմիզմների ներդրում, հասարակության ուսուցում և իրազեկում, կառավարության ակտիվություն, ինչպես նաև միջազգային փորձի և համագործակցության ուսումնասիրում։

«Այս քայլերը կբերեն երկրում 10 տոկոսով պիրատության մակարդակի իջեցում չորս տարվա ընթացքում, նոր աշխատատեղերի բացում, տնտեսական աճ, հարկահավաքության ավելացում»,- նշեց նա։

Պապյանի խոսքերով, «մտավոր սեփականության պաշտպանության նախաձեռնությունը պետք է բխի կառավարությունից, ինչը երբեմն արդյունավետ է օրենսդրական բարեփոխումներից»։

Խոսելով միջազգային համագործակցության մասին՝ նա ասաց, որ Հայաստանը ստորագրել է շուրջ 16 միջազգային կոնվենցիա և համաձայնագիր մտավոր սեփականության մասին, սակայն «խնդիրը դրանք կիրառելու մեջ է»։

Պապյանի խոսքերով, մտավոր սեփականությունը պետք է պաշտպանվի պետության կողմից, և յուրաքանչյուր պետություն ինքն է ընտրում պաշտպանության ձևերը։ «Այն երկրներում, որտեղ մտավոր իրավունքները պաշտպանված են, մարդիկ ավելի լավ են աշխատում, քանի որ ստեղծագործելու ավելի մեծ հնարավորություններ ունեն»,- ընդգծեց նա։

«Ազնիվ խաղի օր» քննարկումը կազմակերպվել էր Ծրագրային ապահովման արտադրողների միջազգային ասոցիացիայի (Business Software Alliance – BSA) կողմից Հայաստանում «Մայքրոսոֆթի» ներկայացուցչության հետ համատեղ։ -0-