Հայաստանը Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ամենահուսալի գործընկերներից է. Մեդվեդև

21.10.2008, 15:42
Հայաստանը Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ամենահուսալի գործընկերներից է. Մեդվեդև

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ամենաակտիվ ու հուսալի գործընկերներից է, երեքշաբթի Երևանում ասաց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Մեր երկրների հումանիտար կապերն ավելի ու ավելի շատ են ամրանում, և երկկողմ նախագծերից բացի, մենք համատեղ աշխատում ենք նաև ԱՊՀ հումանիտար համագործակցության խորհրդում»,- ասաց նա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա նշեց, որ վառ օրինակ է օրերս Երևանում կայացած ԱՊՀ և Բալթյան երկրների  թարգմանիչների, գրողների ու հրատարակիչների երկրորդ համաժողովը։

«Համոզված եմ, որ Համագործակցությունում 2009 թվականը երիտասարդության, իսկ 2010-ը գիտության ու նորարարությունների տարի հայտարարելը կընդլայնի նոր հեռանկարային նախագծերի ու ծրագրերի թողարկման հնարավորությունները»,- ընդգծեց ռուսական պետության ղեկավարը։    

Իր հերթին հայկական պետության ղեկավար Սերժ Սարգսյանն ասաց, որ մեծ նշանակություն ունի նաև երկու երկրների միջև հումանիտար համագործակցությունը, կապերը գիտության, մշակույթի ու կրթության ոլորտներում։ 

«Այս բնագավառում հատկապես հաջող օրինակ է Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի գործունեությունն ու «Կուլտուրա» հեռուստաալիքի հեռարձակումը»,- ասաց Սարգսյանը։  --0--