ՀՀ խորհրդարանը վավերացրել է «Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիան

21.10.2008, 15:30
ՀՀ խորհրդարանը վավերացրել է «Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիան
ՀՀ խորհրդարանը վավերացրել է «Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիան

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ խորհրդարանը երեքշաբթի նիստի ժամանակ վավերացրեց  «Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիան։ Ինչպես նիստի ժամանակ հայտնեց ՀՀ մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը, կոնվենցիան ստորագրվել է Գրանադայում 1985 թվականի հոկտեմբերի 3-ին և ուժի մեջ է մտել 1987 թվականի դեկտեմբերի 1-ին։

Հայաստանի անունից 2007 թ. մայիսի 17-ին կոնվենցիան ստորագրել է ԵԽ-ում հանրապետության մշտական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանը։

Կոնվենցիայի համաձայն, մասնակից-երկրները պարտավորվել են միջոցներ ձեռնարկել ճարտարապետական ժառանգության պահպանման առնչությամբ, և այդ միջոցների շրջանակներում հուշարձանների, համալիր շինությունների և տեսարժան վայրերի պաշտպանություն իրականացնել։ Կոնվենցիայի կողմերից յուրաքանչյուրը պարտավորվել է համապատասխան հսկողություն իրականացնել, կասեցնել պաշտպանության տակ գտնվող անշարժ գույքի վնասումը, հնացումը կամ ոչնչացումը։

Փաստաթղթի տեքստի համաձայն, վերոհիշյալ միջոցների համար կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է պաշտպանության տակ գտնվող հուշարձանների, համալիր շինությունների և տեսարժան վայրերի փլուզման կամ վերակառուցման առնչությամբ օրենքներ ընդունել (եթե դա դեռ արված չէ) և ներկայացնել ցանկացած պլանի իշխանության համապատասխան մարմին, ինչպես նաև դրանց հարակից տարածքների պլանները։  
 
Նման օրենքները իշխանության պետական մարմիններին նաև իրավունք են տալիս պաշտպանության տակ գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջից պահանջել անհրաժեշտ աշխատանքների իրականացում, իսկ եթե սեփականատերը դա չի անում, ինքներն անել այդ աշխատանքները և պաշտպանության տակ գտնվող անշարժ գույքի ստիպողական գնում իրականացնել։
 
Փաստաթղթի պաշտոնական տեքստի համաձայն, կոնվենցիայի կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է արգելել պաշտպանության տակ գտնվող հուշարձանի  լրիվ կամ մասնակի փոխադրումը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհրաժեշտ է հուշարձանի պահպանման համար։ Այս հանգամանքներում իշխանության լիազորված մարմինը անվտանգության անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում նման հուշարձանի ապամոնտաժման, փոխադրման և համապատասխան վայրում դրա վերականգնման ժամանակ։  

Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պահպանման մասին կոնվենցիան նախատեսում է նաև պատժամիջոցներ սահմանված պահանջների խախտման դեպքում, մասնավորապես, օրինախախտին ստիպել, որ համապատասխան պահանջներին չհամապատասխանող նորակառույց շինությունը փլուզման ենթարկի կամ պաշտպանության տակ գտնվող անշարժ գույքն իր նախկին տեսքով վերականգնվի։

Վերջին տվյալներով, կոնվենցիան ստորագրել է 32 պետություն, մասնավորապես, Անդորրան, Ավստրիան, Բելգիան, Բուլղարիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Դանիան, Իռլանդիան, Իտալիան, Իսպանիան, Պորտուգալիան, Ռուսաստանը, Սերբիան, Թուրքիան, Ուկրաինան, Ֆրանսիան, Խորվաթիան, Չեխիան, Շվեդիան, Շվեյցարիան։ --0--