Հայաստանում լայնաշերտ ինտերնետի հասանելիության մակարդակը 2012 թ.-ին կկազմի 20 տոկոս. կանխատեսում

Հայաստանում լայնաշերտ ինտերնետի ներթափանցման մակարդակը 2012 թ.-ին պետք է կազմի 20 տոկոս, երեքշաբթի լրագրողներին Երևանում տեղեկացրեց «ՔՈՄՍԹԱՐ-Օբյեդինյոննիյե ՏելեՍիստեմի» ռուսական ընկերության նախագահ Սերգեյ Պրիդանցևը։
«Այս պահի դրությամբ այդ ցուցանիշը Հայաստանում չի գերազանցում 4 տոկոսը», - ասաց Ռուսաստանի ինտեգրված հեռահաղորդակցական ծառայությունների խոշորագույն օպերատորի նախագահը։
Պրիդանցևի խոսքերով, թվային անհավասարությունն առկա է գրեթե բոլոր երկրներում, այդ թվում նաև Ռուսաստանում, որտեղ հասանելիության մակարդակը գերազանցում է 50 տոկոսը, մինչդեռ որոշ շրջաններում այն կազմում է 4-6 տոկոսից ոչ ավելի։
«ՔՈՄՍԹԱՐ-Օբյեդինյոնիյե ՏելեՍիստեմի» ընկերության նախագահն ընդգծեց, որ հասանելիության հարցում որոշակի բարդություն կարող է առաջացնել Հայաստանի լեռնային մակերևույթը, ինչպես նաև որոշ մարզերի հեռու գտնվելը։
Երկարաժամկետ ծրագրերի թվում Պրիդանցևը նշեց ցանցի հասանելիության ընդլայնումը բոլոր այն երկրներում, որտեղ գործում է ընկերությունը։
Մասնավորապես, ընկերության ծրագրերում ներառված է WiMAX ցանցի ներդրումը Մոսկվայում 2008 թ.-ի դեկտեմբերին՝ որպես հավելում ֆիքսված ցանցին, ինչը թույլ կտա ընդգրկել շինություններից դուրս բոլոր գոտիները։
Միաժամանակ Պրիդանցևը վաղաժամ համարեց խոսել նոր շուկաներ դուրս գալու մասին՝ լիկվիդայնության ճգնաժամի պայմաններում՝ ընդգծելով, որ ընկերությունը կկենտրոնանա Ռուսաստանի, Հայաստանի, Ուկրաինայի և Ղազախստանի շուկաների վրա։
«ՔՈՄՍԹԱՐ-Օբյեդինյոննիյե ՏելեՍիստեմի» ընկերությունը Մոսկվայում ֆիքսված կապի խոշորագույն օպերատորն է։ Հայաստանում գործում է ռուսական հեռահաղորդակցության օպերատորի դուստր ընկերությունը՝ «Կոռնետ - ԱՄ» ՓԲԸ-ն։-0-