Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովը խթանում է երկու երկրների մասնավոր հատվածների միջև հարաբերությունների զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հաձնաժողովը խթան է հանդիսանում երկու երկրների մասնավոր հատվածների ներկայացուցիչների միջև հարաբերությունների զարգացման համար, երկուշաբթի լրագրողներին հայտնեց Հանձնաժողովի համանախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ամփոփելով հանձնաժողովի 10-րդ նիստի արդյունքները։
«Դա շատ կարևոր է, որովհետև մեր հիմնական գործառույթը բարենպաստ մթնոլորտի ստեղծումն է, և ամենից առաջ՝ մասնավոր հատվածի զարգացման, ինչը հիմք է հանդիսանում մեր երկրների տնտեսությունների զարգացման համար»,- ասաց նա լրագրողներին։
Վարչապետի խոսքերով, նիստի արձանագրությունում, ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների ներկայացմանը և տարբեր ոլորտներում իրականացված աշխատանքի ծավալներին զուգընթաց, գրանցվել են նաև քայլեր, որոնք հաջողվել է հասցնել իրենց տրամաբանական ավարտին և միջոցառումներ, որոնք դեռևս գտնվում են իրագործման փուլում։
«Այս նիստի յուրահատկությունը նրանում է, որ այսօր հնարավոր է գրանցել էներգետիկ ոլորտի բոլոր հիմնական խնդիրների լուծումը, դա մեզ հնարավորություն է տալիս ուշադրություն դարձնել նաև այլ խնդիրներին»,- ընդգծեց նա։
Այս կապակցությամբ Սարգսյանը, մասնավորապես, նշեց, որ նոր երկխոսությունը սկսվում է հեռարձակման ոլորտում։
«Կստեղծվի համագործակցության նոր դաշտ, և ես կարծում եմ, որ հաջորդ նիստի ընթացքում մենք կկարողանանք հաշվետվություն ներկայացնել այն ուղիների մասին, որոնցով հնարավոր կլինի աշխատանքներ իրականացնել համագործակցության ընդլայնման ուղղությամբ»,- ընդգծեց նա։
Իր հերթին, հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինն ասաց, որ այս տարիների աշխատանքի ընթացքում Հանձնաժողովը ներկայացել է որպես բիզնեսին աջակցող և օգնող արդյունավետ գործիք։
«Հաձնաժողովի ձևաչափը, որպես մի դաշտ, որտեղ նախարարներն ու բիզնեսի ներկայացուցիչները կարող են բանակցություններ վարել և որոշումներ ընդունել, շատ կարևոր է»,- ասաց նա։
Հոկտեմբերի 20-ին ստորագրված տնտեսական համագործակցության Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի Արձանագրությունն իր մեջ ներառում է, մասնավորապես, երկու կողմերի միջև առևտրատնտեսական հարաբերությունների, իրավապայմանագրային բազայի ներկա վիճակի ու զարգացման հեռանկարների, ՀՀ-ի կողմից պետական պարտքի դիմաց Ռուսաստանի Դաշնությանը փոխանցված ձեռնարկությունների աշխատանքի, վառելիքաէներգետիկ համակարգի, տրանսպորտի, կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների, բնապահպանության և հումանիտար ոլորտներում համագործակցության հարցեր: -0-