Հայաստանը դարձավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցիացված անդամ

Հայաստանը դարձավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) ասոցիացված անդամ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
«Հոկտեմբերի 18-ի նիստին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Պետությունների ղեկավարների գագաթնաժողովը որոշում է կայացրել Հայաստանին ասոցիացված անդամի կարգավիճակ շնորհելու մասին», - ասվում է տեղեկատվության մեջ։
Հոկտեմբերի 15-18-ին Քվեբեկում տեղի ունեցան Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Նախարարական 24-րդ նստաշրջանը և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ պետությունների ու կառավարությունների ղեկավարների 12-րդ Գագաթաժողովը, որին մասնակցում էին 70 երկրների ներկայացուցիչներ, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Խոսե Մանուել Բառոզոն։ Հայաստանը ներկայացնում էր ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամակցության վերաբերյալ Հայաստանի դիմումն արվել էր 2008թ. ապրիլին։ ՀՀ ԱԳ նախարարը ապրիլի 22-ին Փարիզում հանդիպելով ՖՄԿ գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆին՝վերահաստատել էր Հայաստանի մտադրությունը` առավել խորացնելու ներառնվածությունը կազմակերպության գործունեության մեջ:
Քվեբեկում տեղի ունեցած գագաթնաժողովի իր ելույթի ժամանակ ՀՀ ԱԳ նախարարը, դրական գնահատելով ՖՄԿ անդամ երկրների համագործակցությունն ու համերաշխությունը, ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է Կազմակերպության արժեքներին և այսուհետ ևս ջանալու է իր ակտիվ մասնակցությունը բերել Ֆրանկոֆոնիայի գործունեությանը:
ՖՄԿ գագաթնաժողովի օրակարգի շրջանակներում քննարկվել են նախորդ Գագաթաժողովից հետո անցած երկու տարիների ընթացքում կազմակերպության աշխատանքների մասին Գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆի հաշվետվությունը, միջազգային կարևորություն ունեցող հարցեր։
Քվեբեկյան գագաթնաժողովի ընթացքում կազմակերպության նախագահությունը Ռումինիայից փոխանցվեց Կանադային՝ երկու տարի ժամկետով։ -0-