Հայաստանում ավագ դպրոցի ներդրումը մարտահրավեր կդառնա մանկավարժական համակարգին. փոխնախարար

Ավագ դպրոցի ստեղծման ծրագրի ներդրումը Հայաստանում մարտահրավեր կդառնա մանկավարժական համակարգին, կարծում է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Բագրատ Եսայանը։
«Ավագ դպրոցի փորձնական ծրագրի գործարկումը դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակելու նպատակով ֆակուլտատիվ պարապմունքների դեմ պայքարի գլխավոր միջոցներից մեկը կդառնա»,- ուրբաթ լրագրողներին հայտնեց Եսայանը։
Նախարարի տեղակալի խոսքերով, տվյալ համակարգը լուծում է նաև կրթության ոլորտի մի շարք արդիական խնդիրներ։ «Մեր կրթական ոլորտում մեծ բաց է առաջացել։ Բուհերում ուսումը շարունակել ցանկացող շրջանավարտների տոկոսը մայրաքաղաքում կազմում է 40 տոկոս, իսկ մարզերում՝ 20 տոկոս»,- ասաց նա՝ անհանգստություն հայտնելով այս իրավիճակի վերաբերյալ։
Եսայանը նկատեց, որ ավագ դպրոցի ներդրումն առաջին հերթին ուղղված է այս խնդրի լուծմանը, իսկ նախարարությունը պետք է ապահովի հավասար հնարավորություններ ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզերի շրջանավարտների ուսումը շարունակելու համար։
Նախարարի տեղակալն անդրադարձավ նաև նոր ուսումնական պլանի մշակման հարցին։ «Ուսումնական հին պլանը գիտելիքները խորացնելու համար լրացուցիչ առարկաների ընտրության հնարավորություն չի ընձեռում։ Մենք պետք է գիտելիքների բարձր մակարդակ ապահովենք, ավելի բարձր, քան ստանում է աշակերտը դպրոցի պատերի ներսում»,- ասաց նա։
Նախատեսվում է, որ 37-ժամանոց ուսումնական ծրագրից 14 ժամը աշակերտները կուսումնասիրեն այն առարկաները, որոնք իրենք են ընտրել։
Բացի այդ, նախարարի տեղակալը հայտնեց, որ հատուկ ուշադրություն է դարձվում նաև աշակերտների ֆինանսավորման խնդրին։ «Անհրաժեշտ է տարբերություն սահմանել այն գումարների միջև, որոնք նախատեսվում են առաջին և տասնմեկերորդ դասարանների աշակերտների համար։ Չէ՞ որ որքան մեծ է աշակերտը, այնքան մեծանում է նրա ուսման համար անհրաժեշտ գումարը»,- ավելացրեց Եսայանը։
Նա նկատեց նաև, որ եթե աշակերտը դեռևս չի կողմնորոշվել ապագա մասնագիտության ընտրության հարցում, նա կարող է շարունակել ուսումը ընդհանուր հոսքային ուսուցման հատուկ դասարաններում կամ որոշակի ժամկետի ընթացքում փոխադրվել մի հոսքից մյուսը։
2008-2009թթ. ուսումնական տարում ավագ դպրոցի փորձնական ծրագիրը գործարկվել է Երևանի, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի տասը դպրոցներում։ Փորձնական դպրոցների ընդհանուր բյուջեն կազմում է 2 միլիարդ 617 միլիոն դրամ (մոտ 8,6 միլիոն ԱՄՆ դոլար)։
Հայաստանի կառավարությունն ավագ դպրոցի ստեղծման ռազմավարական ծրագրին հավանություն է տվել 2008 թվականի մարտի 27-ին:
Ավագ դպրոցի քաղաքականության բարեփոխման վերջնական տարբերակը նախատեսվում է գործադիր մարմնին ներկայացնել 2009թ. մարտին։
Ամբողջ ռազմավարական ծրագրով նախատեսվում է հանրապետությունում ստեղծել 200 ավագ դպրոց՝ 11 ուղղություններով, մասնավորապես, ֆիզիկամաթեմատիկական, բնագիտական, հումանիտար, արհեստագործական։
Հայաստանի 1450 հանրակրթական դպրոցներում 2008-2009թթ. ուսումնական տարում սովորում է շուրջ 435,5 հազար աշակերտ։ -0-