«Նովոստի-Արմենիա» գործակալությունը պարգևատրվել է պատվոգրով՝ «Եվրոպական թեմաների մոնիտորինգը հայկական ԶԼՄ-ներում» ծրագրին մասնակցելու համար

«Նովոստի-Արմենիա» միջազգային տեղեկատվության գործակալությունը պարգևատրվել է պատվոգրով և խրախուսական մրցանակով՝ «Եվրոպական թեմաների մոնիտորինգը հայկական ԶԼՄ-ներում» ծրագրի մրցույթին մասնակցելու համար, որն իրականացվել է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության և «International Alert» ոչ կառավարական միջազգային կազմակերպության կողմից։
««Նովոստի-Արմենիա» գործակալությունը պարգևատրվել է մրցույթին ակտիվ մասնակցելու համար», - մրցանակաբաշխության արարողության ժամանակ ասաց «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը։
Նրա խոսքերով, մոնիտորինգն անցկացվել է 2008 թ.-ի ապրիլից օգոստոսը՝ տասը զանգվածային լրատվամիջոցների շրջանում՝ հինգ թերթ և հինգ տեղեկատվական գործակալություն՝ «International Alert» ծրագրի հատվածի շրջանակներում, որոնք դիտարկում են եվրաինտեգրումը որպես հակամարտությունների վերափոխման հնարավորություն։
Մրցանակ ստացած հայրենական ԶԼՄ-ների ցանկում տարբեր անվանակարգերում ընդգրկված են նաև «ԱՌԿԱ», «Նոյյան Տապան» տեղեկատվական գործակալություններն ու «Արմեդիա» տեղեկատվական-վերլուծական գործակալությունը։
Մրցույթի հաղթողների մրցանակները տրամադրել են Եվրոպայի Խորհրդի և ՆԱՏՕ-ի տեղեկատվական գրասենյակները, Հայաստանում ԵԱՀԿ ներկայացուցչությունն ու Եվրահանձնաժողովի պատվիրակության գրասենյակը։-0-