Լույս է տեսել «Խորհրդավոր ընթրիքը. հայկական ավանդույթից մինչև Լեոնարդո» գիրքը

16.10.2008, 11:48
Լույս է տեսել «Խորհրդավոր ընթրիքը. հայկական ավանդույթից մինչև Լեոնարդո» գիրքը

Լույս է տեսել «Խորհրդավոր ընթրիքը. հայկական ավանդույթից մինչև Լեոնարդո» գիրքը։

Գրքի հեղինակ Վարդան Դևրիկյանի խոսքերով, այս գիրքը երկրորդ հրատարակությունն է ծրագրված շարքի 12 գրքերից՝ նվիրված աստվածաշնչյան թեմաներով նկարներին և մանրանկարներին։

Հեղինակը նշել է, որ առաջին գիրքը նվիրված էր Վարդավառի և Տիրոջ Պայծառակերպության տոնին, իսկ հաջորդ՝ երրորդ գիրքը նվիրված կլինի Սուրբ Ծննդյան տոնին։

«Ես ընտրել եմ 12 թեմա՝ ելնելով կարևորությունից և հայ ժողովրդի կյանքի հետ փոխկապակցվածությունից», - ասել է Դևրիկյանը։

Նրա խոսքերով, այս աշխատանքներում ինքը փորձում է ներկայացնել միևնույն երևույթը ազգագրական, թեոլոգիական տեսակետներից և մանրանկարների օրինակով։

«Այսօր միջնադարյան արվեստի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, սակայն այն երբեմն, հատկապես մանրանկարների դեպքում, վերածվում է հասարակ պատճենահանման՝ առանց դրանց այլաբանական իմաստի, պատկերման կանոնների գիտակցման։ Իմ աշխատանքի նպատակը բացատրելն է, թե ինչ է խորհրդանշում մանրանկարի յուրաքնաչյուր դրվագը», - ասել է Դևրիկյանը։

Նրա խոսքերով, ինքը փորձել է հայ ընթերցողին ծանոթացնել համաշխարհային մշակույթին, օտարերկրյա ընթերցողին ներկայացնել և հասկանալի դարձնել հայկական մշակույթը։

«Գրքում միևնույն թեման ներկայացված է հայկական, արևմտաեվրոպական և վաղքրիստոնեական արվեստի շրջանակներում», - նշել է հեղինակը։

Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ, հայր Լևոն Զեքյանն, իր հերթին, գրքի հրատարակումը շնորհակալ գործ է որակել։ «Մենք պետք է ցույց տանք հայ մշակույթի որակական ներդումը համաշխարհայինի մեջ», - ասել է նա։

Գրականագետ Ավիկ Իսահակյանի խոսքերով, շարքի երկրորդ գիրքը Խորհրդավոր ընթրիքի իսկական հանրագիտարան է։

«Խորհրդավոր ընթրիքը. հայկական ավանդույթից մինչև Լեոնարդո» գիրքը հրատարակվել է Մաշտոնցի անվան Մատենադարանի գիտխորհրդի որոշմամբ։

Գիրքը նվիրված է Խորհրդավոր ընթրիքի թեմայով պատկերագրումներին՝ սկսած առաջին դարի հայ և քրիստոնեական մանրանկարներից մինչև Վերածննդի շրջանի վարպետների գործերը։

Միաժամանակ գրքում ներկայացվում է, թե ինչպիսի այլաբանական իմաստի և որ գեղարվեստական սկզբնաղբյուրների և մեկնությունների հիման վրա են ձևավորվել այդ թեմայով պատկերագրումները։

Առանձին բաժնով ներկայացված է նաև Ոտնլվայի պատկերագրումը, քանի որ այն սերտորեն կապված է Խորհրդավոր ընթրիքի հետ։-0-