Հայաստանի իշխանությունները չպետք է սահմանափակեն ընդդիմության՝ հանրահավաքներ անցկացնելու իրավունքը. պատգամավոր

15.10.2008, 16:11
Հայաստանի իշխանությունները չպետք է սահմանափակեն ընդդիմության՝ հանրահավաքներ անցկացնելու իրավունքը. պատգամավոր

Հայաստանի իշխանությունները չպետք է սահմանափակեն քաղաքացիների խոսքի ազատությունը և հանրահավաքներ անցկացնելու նրանց իրավունքը, չորեքշաբթի մամուլի ասուլիսին հայտարարեց գրող, հրապարակախոս, ՀՀ Ազգային ժողովի Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը։

Նախորդ շաբաթ ՀՀ Վարչական դատարանը մասամբ բավարարել էր Հայ ազգային կոնգրեսի հայցը Երևանի քաղաքապետարանի դեմ հոկտեմբերի 17-ին Հյուսիսային պողոտայում հանրահավաք անցկացնելու վերաբերյալ՝ թույլ տալով ընդդիմությանն առանց երթի հանրահավաք անցկացնել Մատենադարանի մոտ։

«Ես հանրահավաքնորը նորմալ երևույթ եմ համարում, հայացքների դրսևորման ձև, և պետությունը չպետք է խոչընդոտի դրանց անցկացմանը»,- նշեց Պետրոսյանը։

Ըստ նրա, քաղաքացիների մի որոշ հատված գնում է հանրահավաքների՝ դրանց ներկայացուցիչների հանդեպ համակրանքից դրդված, իսկ մյուս մասը հանրահավաքների միջոցով ծանոթանում է ընդդիմության հայացքներին։

«Յուրաքանչյուր քաղաքականապես հասուն մարդու հետաքրքիր է իմանալ ոչ միայն գործող ուժի, այլ նաև ընդդիմության կարծիքը։ Այլապես հնարավոր չէ խոսել ժողովրդավարական հասարակության մասին»,- ընդգծեց պատգամավորը։

Պետրոսյանը վտանգավոր է համարում նաև հասարակության բաժանումը «յուրայինների  և օտարների»։ Նրա խոսքերով, նա համաձայն չէ ընդդիմության հայացքների հետ, բայց ողջունում է դրա առկայությունը։

Բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ՝ փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ, որոնք մարտի 1-2-ը վերածվել են անկարգությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ բախումների։ Այս ամենի հետևանքով զոհվել է տասը քաղաքացի, տուժել ավելի քան 200 մարդ, շուրջ 265 մարդ ստացել են վնասվածքներ։

Ընդդիմության կողմնակիցները հունիսի 20-ից վերսկսել են հանրահավաքները։ Հունիսի 20-ից օգոստոսի 1-ն  ընկած ժամանակահատվածում ընդդիմությունը երեք հանրահավաք է կազմակերպել Մատենադարանի մոտ, որոնք արտոնագրված չեն եղել քաղաքային իշխանությունների կողմից, սակայն ոստիկանությունը, ընդդիմության հետ ունեցած բանակցություններից հետո, չի խանգարել դրանց անցկացմանը։ Երևանի քաղաքապետարանի կողմից արտոնված ընդդիմության առաջին հանրահավաքը տեղի է ունեցել սեպտեմբերի 15-ին։ -0-