ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Քվեբեկում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովին

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեքշաբթի կմեկնի Քվեբեկ՝ հոկտեմբերի 15-16-ը անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունից։
Հոկտեմբերի 17-19-ը Նալբանդյանը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթաժողովին: Գագաթաժողովի ընթացքում նախատեսվում է քննարկել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանին ասոցիացված անդամի կարգավիճակ շնորհելու հարցը:
Նախարարական համաժողովին և գագաթաժողովին նախարար Նալբանդյանը հանդես կգա ելույթներով:
Քվեբեկում ծրագրված է նաև Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Մոնակոյի իր գործընկերոջ հետ, որի ընթացքում երկու երկրների արտգործնախարարները կստորագրեն երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություն:-0-