Երևանում տեղի ունեցած մարտյան անկարգությունների հետաքննության հանձնաժողովը երկու ամսով կերկարաձգի իր աշխատանքը. պատգամավոր

13.10.2008, 16:17
Երևանում տեղի ունեցած մարտյան անկարգությունների  հետաքննության հանձնաժողովը երկու ամսով կերկարաձգի իր աշխատանքը. պատգամավոր
Երևանում տեղի ունեցած մարտյան անկարգությունների  հետաքննության հանձնաժողովը երկու ամսով կերկարաձգի իր աշխատանքը. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած անկարգությունների հետաքննության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը մտադիր է երկարաձգել իր աշխատանքը երկու ամիս ժամկետով, երկուշաբթի մամուլի ասուլիսին հայտարարեց հանձնաժողովի անդամ, ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը։

«Երբ հանձնաժողովը սկսում էր աշխատել, նախատեսվում էր ժամանակին ավարտել առաքելությունը։ Սակայն փաստահավաք խումբ ստեղծելու առաջարկի պատճառով մենք որոշում ընդունեցինք, որ ավելի տրամաբանական է երկարաձգել խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքի ժամկետը, որպեսզի խումբը աշխատելու և իր եզրակացությունները ներկայացնելու բավական ժամանակ ունենա»,- երկուշաբթի մամուլի ասուլիսում ասաց պատգամավորը։

Մարտյան դեպքերի հետաքննության ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովը ստեղծվել է 2008թ. հունիսի 16-ին ԵԽԽՎ պահանջների շրջանակներում, Հայաստանում ժողովրդական ինստիտուտներին վերաբերող №1609 բանաձևի համաձայն, որն ընդունվել էր ապրիլին ընդդիմության մարտի 1-ի ցույցի ընթացքում ստեղծված քաղաքական բարդ իրավիճակի և զանգվածային անկարգությունների կապակցությամբ։ Ինչպես նախատեսվում էր, հանձնաժողովը պետք է հաշվետվություն ներկայացներ իր գործունեության վերաբերյալ մինչև 2008թ. հոկտեմբերի 25-ը։

Ինչպես տեղեկացրեց Շահբազյանը, ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովն արդեն հանդես է եկել իր իրավասությունները երկու ամսով երկարացնելու օրենսդրական նախաձեռնությամբ։ Միաժամանակ պատգամավորը նշեց, որ հանձնաժողովն ինքը շահագրգռված է հետաքննության շուտափույթ ավարտով, քանի որ մարտի 1-2-ի դեպքերը հանրային մեծ հետաքրքրություն են ներկայացնում։

Խորհրդարնականը նկատեց, որ հանձնաժողովն արդեն կազմել է որոշ եզրակացություններ մարտի 1-2-ի դեպքերի վերաբերյալ, սահմանել է որոշ բանաձևեր, որոնք կներկայացվեն հաշվետվությունում։ Մեկնաբանելով հանձնաժողովի անդամների՝ ոչ օբյեկտիվ լինելու ընդդիմության մեղադրանքները՝ Շահբազյանը նշեց, որ հանձնաժողովը բոլոր ջանքերը գործի է դնում օբյեկտիվ լինելու համար։ Ըստ նրա, հանձնաժողովն ուսումնասիրում է մարտի առաջին օրերի դեպքերի, այդ թվում՝ ընդդիմության կողմից ներկայացված բոլոր փաստերը, հանդիպումներ է ունենում ձերբակալվածների հետ։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթել էր Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ին բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվեց տասը և վիրավորվեց 265 մարդ։ --0—