«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան կշարունակի գործընկերությունը Հայաստանի հետ. գլխավոր տնօրեն

«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն, դեսպան Ջոն Դանիլովիչը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և նրա գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում վստահություն է հայտնել, որ գործընկերությունը հայկական կողմի հետ կշարունակի զարգանալ։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ կառավարության ղեկավարի մամուլի քարտուղար Դիանա Մնացականյանը, հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում Դանիլովիչը բարձր է գնահատել Հայաստանի հետ կորպորացիայի համագործակցությունը։
2006թ. մարտի 27-ի պայմանագրով նախատեսվում էր, որ «Հազարամյակի մարտահրավերներ» ընկերությունը հինգ տարվա կտրվածքով Հայաստանին հատկացնելու է 235,65 մլն. դոլար՝ ոռոգման համակարգերը և համայնքային ճանապարհները վերականգնելու ծրագրերի իրականացման համար։ 2007թ. «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ծրագրով հանրապետությանն արդեն հատկացվել էր 11 մլն. դոլար։
Սարգսյանն իր հերթին անդրադարձել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք կարևոր խնդիրների: Վարչապետը ներկայացրել է ՀՀ Կառավարության առաջադրած հակակոռուպցիոն ծրագրի հիմնադրույթները, հարկային և մաքսային վարչարարությանը վերաբերող բարեփոխումները, ինչպես նաև խոսել է դրանց իրականացմանը նպաստող տեխնիկական աջակցության հնարավորության մասին։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հոկտեմբերի 9-15-ը աշխատանքային այցով գտնվում է Վաշինգտոնում՝ Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան համաժողովին մասնակցելու նպատակով։ Հայկական պատվիրակության կազմում են ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, նախագահի տնտեսական հարցերով խորհրդական Վահրամ Ներսիսյանցը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը և այլ պաշտոնատար անձինք։-0-