ՀՀ խորհրդարանի խոսնակը հայ ժողովրդին շնորհավորել է Թարգմանչաց տոնի առթիվ
ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հայ ժողովրդին շնորհավորական ուղերձ է հղել Թարգմանչաց տոնի կապակցությամբ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին խորհրդարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Շատ քիչ ազգերի պետական տոնացույցում կա Թարգմանչաց տոն, որը հավաստում է, թե հայ ժողովուրդը ինչ մեծ նշանակություն ու կարևորություն է տալիս գրականությանն ու թարգմանությանը: Դեռ հինգերորդ դարում հայոց գրերի գյուտից հետո Մեսրոպ Մաշտոցի ու Սահակ Պարթևի հիմնած դպրոցներում հայոց այբուբենն առաջինն ուսանածները թարգմանեցին Աստվածաշունչը, այնուհետև` ժամանակի նշանավոր գրքերը»,- ասվում է խոսնակի ուղերձում:
Աբրահամյանի խոսքերով, դարավոր ավանդույթները շարունակվում են նաև այսօր` հայ ընթերցողներին հնարավորություն տալով մայրենիիով հաղորդակցվել համաշխարհային գրականության ու գիտության նշանավոր երկերին:
«Արժանին մատուցելով անցյալի ու ներկայի թարգմանիչներին` այսօր ուզում եմ իմ շնորհակալական խոսքն ուղղել նրանց` բոլորիս համար ստեղծած այդ հրաշալի հնարավորության համար»,- ասվում է շնորհավորական ուղերձում։
Աբրահամյանն իր ուղերձում վստահություն է հայտնել, որ այսուհետ էլ թարգմանչական գործը լինելու է այն ոսկե կամուրջը, որ մեծ աշխարհը բերելու է Հայաստան և Հայաստանը ներկայացնելու է մեծ աշխարհին, որովհետև ինչպես դեռ պատմահայր Խորենացին էր ասում` «թեպետ մենք փոքր ածու ենք, բայց մեր երկրում էլ արժանի գործեր են կատարվում»:--0--