Հայաստանը կարևորում է Իռլանդիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը շահագրգիռ է հայ-իռլանդական հարաբերությունների զարգացման գործում, մասնավորապես, կարևորում է երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացումը, ասել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանը Հայաստանում Իռլանդիայի դեսպան (նստավայրը` Սոֆիա) Ջեֆրի Քիթինգի (Geoffrey Keating) հետ հանդիպման ժամանակ։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, Ղարիբջանյանը նշել է իրավապայմանագրային դաշտի ձևավորման և մշակութային կապերի խորացման անհրաժեշտությունը:
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդգծել է, որ Հայաստանն ու Իռլանդիան ունեն պատմական և մշակութային շատ ընդհանրություններ, որոնք կարող են լավ հիմք դառնալ երկկողմ հարաբերությունների զարգացման համար:
Հյուրի խնդրանքով Գեղամ Ղարիբջանյանն անդրադարձ է կատարել տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, արցախյան հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացի զարգացումներին և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին:--0--