Երևանում հոկտեմբերի 11-ին տեղի կունենա ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների և գրողների ֆորումը

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հոկտեմբերի 11-ին Երևանում տեղի կունենա ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների, գրողների ու հրատարակիչների «Թարգմանություն. լեզու և մշակույթ» խորագրով երկրորդ ֆորումը։
Միջոցառումը կբացվի ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի խոսքով, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին նախարարության մամուլի ծառայությունից։
ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության խորհրդի տվյալներով, երկրորդ ֆորումին մասնակցելու համար Երևան են ժամանել 60-ից ավելի գրողներ, թարգմանիչներ ու հրատարակիչներ, ԲՈՒՀ-երի ներկայացուցիչներ, գրական-գեղարվեստական ամսագրերի գլխավոր խմբագիրներ ԱՊՀ անդամ ու Բալթյան երկրներից` Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Ղազախստանից, Լատվիայից և Էստոնիայից:
Ֆորումի կարևորագույն նպատակն է համակարգել փոխադարձ ջանքերը և շուկայական ու պետական մեխանիզմները համադրելով՝ մշակել թարգմանական, հրատարակչական և տեղեկատվական քաղաքականություն:
ԱՊՀ-ում Երիտասարդության տարվա շեմին այս ֆորումում կքննարկվեն երիտասարդ գրողների և թարգմանիչների պետական աջակցության հարցերը թարգմանչության ավանդույթների վերականգնմամբ։ Առաջիկա քննարկման առարկա կդառնան նաև թարգմանչական կադրերի պատրաստման, թարգմանչի մասնագիտության հեղինակության բարձրացման, ուսանողների փախանակման և լեզվական միջավայրում նրանց ինտեգրման հետ կապված կրթական ծրագրերի ստեղծման խնդիրներ։
Ֆորումի շրջանակներում տեղի կունենա ԱՊՀ և Բալթյան երկրների Թարգմանիչների միության ստեղծման համաձայնագրի ստորագրում, թարգմանիչների կայքի շնորհանդես։ Ֆորումի անցկացման օրը աշխատանքը կսկսեն միանգամից երկու ցուցահանդեսներ՝ գրքի մեծ ցուցահանդես, որին ներկայացված կլինի Համագործակցության և Բալթյան երկրների գրականությունը և «Տառի արվեստը», որը նվիրված է գեղագրությանն ու գրերի գյուտին։
«Թարգմանությունը որպես մշակույթների փոխազդեցության ձգողական դաշտ» ԱՊՀ և Բալթիայի անդամ-պետությունների թարգմանիչների առաջին Ֆորումը տեղի ունեցավ 2007թ. Երևանում։ -0-