ՀՀ Գիտությունների ակադեմիան և Սփյուռքի նախարարությունը փոխգործակցության ծրագիր են ստորագրել
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը և ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ստորագրեցին գործակցության վերաբերյալ ծրագիր, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԳԱԱ մամուլի ծառայությունից:
Ծրագրով նախատեսված է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի սփյուռքի բաժնի հզորացում, ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիուտի հետ համատեղ գրական ալմանախների հրատարակում, ՀՀ ԳԱԱ և Սփյուռքի հայագիտական կենտրոնների և ամբիոնների միջև կապերի ուժեղացում։
Բացի այդ նախատեսվում է ՀՀ ԳԱԱ սփյուռքահայ գիտնականների բաժանմունքի հիմնադիր ժողովի համատեղ կազմակերպում և անցկացում:
Ծրագրի մյուս բաժինը նվիրված է Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի կենտրոնների համատեղ գիտական միջոցառումների կազմակերպմանը։
Մասնավորապես ծրագրվում է հայագիտական երկրորդ միջազգային համաժողովի անցկացում, ինչպես նաև միջազգային գիտաժողով՝ նվիրված 1946-1948թթ. հայրենադարձության 60-ամյակին, միջազգային գիտաժողով՝ նվիրված
Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին, միջազգային գիտաժողով՝ նվիրված «Ամերիկայի նպաստամատույց» բարեգործական կազմակերպության հիմնադրման 90-ամյակին։
Ծրագրվում է ևս երկու միջազգային գիտաժողով՝ նվիրված «Հայերը Օսմանյան կայսրությունում 20-րդ դարի սկզբներին» թեմային և հայ տպագիր գրքին։
ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը կարևորեց Սփյուռքի հայ գիտնականների և մասնագետների ներգրավումը Հայաստանում գիտական գործունեության մեջ:--0--