Փոստի համաշխարհային օրվա շրջանակներում եզակի ֆիլատելիստական ցուցահանդես բացվեց Երևանում
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հինգշաբթի Փոստի համաշխարհային օրվա շրջանակներում եզակի ֆիլատելիստական ցուցահանդես բացվեց Երևանում։
«Ցուցահանդեսը եզակի է, քանի որ Հայաստանի անկախության 17 տարիների ընթացքում առաջին նման միջոցառումն է և այդ ժամանակահատվածում թողարկված նամականիշների ժառանգություն է իրենից ներկայացնում»,- բացման հանդիսավոր արարողությանը հայտարարեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը։
Մինչև հոկտեմբերի 11-ը շարունակվող ցուցահանդեսին ներկայացված են, մասնավորապես, հայ ֆիլատելիստների նամականիշների հավաքածուները, մասնավորապես, «Հաղթահարված գագաթներ», «Մարդու իրավունքները», «Համաշխարհային կերպարվեստի թանգարաններ (Բուդապեշտ)» և «Աստծո որդի, աշխարհի փրկիչ և տեր» խորագրերը կրող հավաքածուները, որոնք տարբեր միջազգային ցուցահանդեսներում արժանացել են բազմաթիվ մեդալների:
Սարգսյանի խոսքերով, փոստային ոլորտը միշտ եղել և մնում է Հայաստանի պետական կառուցների և կառավարության ուշադրության կենտրոնում։
«Պետք է հաշվի առնել, որ մեր երկրում նամականիշները դուրս են եկել փոստային ծառայությունների վճարման սովորական միջոցի սահմաններից, և աշխարհի շատ երկրներում դրանք խորհրդանշում են Հայաստանը, ցույց են տալիս ազգային մշակույթը, պատմությունը, բնությունը»,- ընդգծեց նա։
Իր հերթին, Հայաստանի ազգային փոստային օպերատոր «ՀայՓոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հանս Բոոնը նշեց, որ նամականիշների թողարկումը փոստային ոլորտի հիմնական ուղղություններից է։
«Այսօր մենք նշում ենք նաև երկու նոր փոստային նամականիշների թողարկումը, որոնք մոտ ապագայում շրջանառության մեջ կդրվեն հանրապետության բոլոր փոստային բաժանմունքներում»,- ասաց նա։
30 հազար տպաքանակով թողարկված, հայկական բնության պատկերով երկու նոր նամականիշների մարման արարողությանը մասնակցեցին Տրանսպորտի և կապի նախարարը և «ՀայՓոստ» ՓԲԸ գլխավոր տնօրենը։ -0-