Ազգային փոքրամասնությունների և փախստականների թեմայով ցուցահանդես բացվեց Երևանում

09.10.2008, 15:53
Ազգային փոքրամասնությունների և փախստականների թեմայով ցուցահանդես բացվեց Երևանում

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Ազգային փոքրամասնությունների և փախստականների խնդիրներն արտահայտող «Տանը մոտ» խորագրով ֆոտոցուցահանդեսը բացվեց ուրբաթ «ՆՓԱԿ» ավանգարդ փորձարարական արվեստի կենտրոնում։

«Բոլոր աշխատանքները միացնող բաղադրիչը տունն է։ Տունն այն տեղն է, որը մենք լքում ենք ավելի լավ կյանք գտնելու ակնկալիքով կամ հակառակը՝ որի մասին երազում ենք և ցանկանում վերադառնալ»,- ցուցահանդեսի բացմանը հայտարարեց Բրիտանական խորհրդի հայկական գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը։

Ցուցադրության մեջ ընդգրկված են տարբեր երկրների (Իռլանդիա, Կիպրոս, Թուրքիա, Մեծ Բրիտանիա, Իսրայել, Բոսնիա և Հերցեգովինա) ութ լուսանկարիչների աշխատանքներ։

Լուսանկարիչներ Դևիդ Քրիդնի, Ջորջ Ջորջիոյի, Գյուլսան Կարամուստաֆայի, Իվոր Պրիքետի, Սեյլ Կամերիչի և Յուվալ Յայրիի գործերում արտահայտվել են Արևելյան Եվրոպայի մի շարք խնդիրներ։

Սարիբեկյանի խոսքերով, ֆոտոխցիկների օբյեկտիվի պատկերած հիմնական խնդիրներն են միգրացիան, փախստականների խնդիրներն ու նրանց ինտեգրումը հասարակության մեջ։

«Հիշողությունների ճամպրուկներ» խորագրով յուրօրինակ ֆոտոռեպորտաժ ներկայացրեց Իսրայելի ներկայացուցիչ Յուվալ Յայրին։ Նա ճամպրուկների ֆոնի ներքո տեղադրել էր լքված և կիսավեր տների կադրեր։

Հայաստանը ներկայացնում էր լուսանկարչուհի Փիրուզա Խալափյանը, նրա լուսանկարները անդրադարձ էին կատարել խառնամուսնությունների թեմային։ Իր աշխատանքներում հեղինակը փորձել էր արտահայտել նման միությունների անդամների մերժվածությունն այն հասարակության կողմից, որին նրանք պատկանում են։ Ինչպես հայտնեց Սարիբեկյանը, Երևանում ցուցադրությունից առաջ ֆոտոցուցահանդեսը ներկայացված էր Լոնդոնում, Սոֆիայում և Բելֆաստում։

«Ցուցահանդեսի աշխատանքները կշարունակեն իրենց ճամփորդությունը մինչև 2009թ. մարտը՝ «Ապրենք միասին» ծրագրի ավարտը»,- հավելեց նա։

«Տան մոտ» ֆոտոցուցահանդեսը «Ապրենք միասին» ծրագրի մի մասն է, որն իրականացնում է Բրիտանական խորհուրդը 15 երկրներում։ Ցուցահանդեսը, որն անցկացվում է Բրտանական խորհրդի հովանավորությամբ, ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ, Երևանում կշարունակվի մինչև հոկտեմբերի 24-ը։