ԵԽ մշակութային ժառանգության իրավիճակը գնահատող փաստահավաք առաքելությունը Հարավային Կովկասի տարածաշրջան կարող է ժամանել մինչև ձմեռ

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում, Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության իրավիճակի վերաբերյալ փաստահավաք առաքելությունը կարող է տարածաշրջան ժամանել մինչև ձմեռ, չորեքշաբթի Երևանում հայտարարեց Կրթության, մշակույթի և ժառանգության ԵԽ գլխավոր տնօրեն Գաբրիելա Բատաինի-Դրագոնին։
«Հայաստանի և Ադրբեջանի մշակույթի նախարարներն ավելի վաղ դիմել են Եվրախորհրդի գլխավոր քարտուղարին՝ առաքելության այցը տարածաշրջան կազմակերպելու համար։ Առաքելությունը կոչ արեց միջազգային փորձագետների մասնակցությամբ անկախ և թափանցիկ ուսումնասիրել երկու երկրներում մշակութային ժառանգության վիճակը»,- ասաց Բատաինի-Դրագոնը մամուլի ասուլիսում։
Ըստ նրա, առաքելությունը կորոշի՝ որքանով են ավերված մշակութային հուշարձանները, ինչ միջոցներ է պետք ձեռնարկել դրանց վերականգնման և պահպանման ուղղությամբ։ Ինչպես հավաստիացրեց ԵԽ գլխավոր տնօրենը, բուն աշխատանքները կսկսվեն այն ժամանակ, երբ երկու երկրների մշակույթի նախարարությունները կհամաձայնեն ընդունել վերոնշյալ առաքելությունը։
«Առաքելությունը կարող էր տարածաշրջան ժամանել արդեն սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին, բայց դեռևս համաձայնեցումներ են ընթանում։ Առաքելությունը կարող է սկսվել մինչև ձմեռ, բայց եթե համաձայնեցումները ձգձգվեն, ապա այն կհետաձգվի մինչև գարուն»,- տեղեկացրեց նա։
Փաստահավաք խմբի ստեղծման անհրաժեշտությունը հասունացավ Նախիջևանում հայկական խաչքարերի զանգվածային ոչնչացումից հետո, որը սկսվել էր 1998-ին, երբ ադրբեջանական կողմը բուլդոզերներով հողին հավասարեցրեց հայկական գերեզմանոցների մեծ տարածքը։ Համաշխարհային հանրության կողմից Ադրբեջանի գործողությունների դատապարտումից հետո ոչնչացումները դադարեցվեցին, որոնք վերսկսվեցին 2003 թ.-ին։ Արդյունքում Հայաստանին և ԼՂՀ-ին «ադրբեջանական մշակույթի հուշարձանների», իբրև թե, ոչնչացման մեղադրանքներ ներկայացրեց նաև Ադրբեջանը։
ԵԽ գլխավոր տնօրենը հավաստիացրեց, որ կազմակերպությունը հատուկ նշանակություն է տալիս մշակութային ժառանգության պահպանությանը՝ համարելով, որ այն մեծ դեր է խաղում մշակույթի կայացման, ազգի ինքնատիպության պահպանման գործում։ Բատաինի-Դրագոնի խոսքերով, ԵԽ-ն լայնածավալ միջոցառումներ է իրականացնում եվրոպացիներին տարբեր երկրների մշակութային ժառանգությունը ներկայացնելու ուղղությամբ։ Մասնավորապես, ըստ նրա, հանգստյան օրերին ողջ Եվրոպայում զուգահեռ անցկացվում են Տարբեր երկրների մշակույթի օրեր։
Ինչպես նշեց Բատաինի-Դրագոնը, նման ակցիաները թույլ են տալիս եվրոպական երկրների բնակիչներին «հաղորդակցվել մշակութային արժեքներին»։ -0-