ԱՄՆ փորձագետները չեն գնահատի մարտյան դեպքերի ուսումնասիրման Հայաստանի խորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը

08.10.2008, 18:17
ԱՄՆ փորձագետները չեն գնահատի մարտյան դեպքերի ուսումնասիրման Հայաստանի խորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը
ԱՄՆ փորձագետները չեն գնահատի մարտյան դեպքերի ուսումնասիրման Հայաստանի խորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ փորձագետները չեն կատարի որևէ գնահատում ու չեն պատրաստի որևէ հաշվետվություն մարտյան դեպքերի ուսումնասիրման ՀՀ խորհրդարանական մշտական հանձնաժողովի աշխատանքի վերաբերյալ, ասվում է ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության մեջ։

Հոկտեմբերի 5-11-ը Հայաստանում են գտնվում երեք ամերիկացի հայտնի փորձագետներ՝ Քրիստոֆեր Քոյմը, Մայքլ Հարլին և Ջոն Ֆարմերը, ովքեր ավելի վաղ աշխատել են Ահաբեկչական հարձակումների հարցերով ԱՄՆ-ի ազգային հանձնաժողովում (սեպտեմբերի 11-ի գործով հանձնաժողով)։

«Տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու համար 2008թ. մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովը տեղեկացնում է, որ հանձնաժողովի հրավերով Հայաստանում գտնվող ԱՄՆ փորձագետների այցի նպատակը Ամերիկայի միացյալ նահանգների սեպտեմբերի 11-ի գործով հանձնաժողովի աշխատանքի հետ կապված տեղեկություններն ու գործունեությունից քաղած դասերը ներկայացնելն է»,- ասվում է հաղորդագրությունում։

«Փորձագետները ներկայացնում են կառավարման, աշխատանքների իրականացման վերաբերյալ իրենց գիտելիքները, սեպտեմբերի 11-ի գործով հանձնաժողովի ունեցած հաջողություններն ու դժվարությունները»,- նշվում է մամուլի հաղորդագրությունում։

Սեպտեմբերի 11-ի գործով հանձնաժողովի անդամների Հայաստան այցի գաղափարը ներկայացվել էր հայ պաշտոնյաների կողմից այս տարվա հունիսին՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դեվիդ Քրամերի՝ Երևան այցի ընթացքում։ -0-