Բիշքեկի թատրոնը Երևանում մի ավտոբուսում ներկայացրեց «Մարշրուտկաստան կամ Ահա ես՝ պարզապես ուղևոր» օրիգինալ իմպրովիզացիան

08.10.2008, 17:20
Բիշքեկի թատրոնը Երևանում մի ավտոբուսում ներկայացրեց «Մարշրուտկաստան կամ Ահա ես՝ պարզապես ուղևոր» օրիգինալ իմպրովիզացիան
Բիշքեկի թատրոնը Երևանում մի ավտոբուսում ներկայացրեց «Մարշրուտկաստան կամ Ահա ես՝ պարզապես ուղևոր» օրիգինալ իմպրովիզացիան

Բիշքեկի «Մեստո Դ» թատրոն-ստուդիան երևանյան հանդիսատեսին՝ ավտոբուսի ուղևորներին ներկայացրեց «Մարշրուտկաստան կամ Ահա ես՝ պարզապես ուղևոր» օրիգինալ իմպրովիզացիան HighFest միջազգային թատերական փառատոնի շրջանակներում։

Ներկայացման գործողությունը տեղի ունեցավ ավտոբուսում, որն ամբողջ ներկայացման ընթացքում շարժվում էր Երևանի գլխավոր փողոցներով։

Ներկայացման սյուժեն ծավալվում է հղի տոմսավաճառ կնոջ շուրջ, ով երթուղու ընթացքում հանդիպում է տարբեր մարդկանց՝ տատիկի, գողի, անօթևանի, Բիշքեկի գեղեցկուհիներից մեկին։

«Մեր կերպարները մարմնավորում են տիպիկ հերոսների, սովորական մարդկանց, որոնց կարելի է հանդիպել Բիշքեկի փողոցներում»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում հայտնեց ներկայացման բեմադրիչ, ղազախ ռեժիսոր Գալինա Պյանովան։

Ըստ նրա, հերոսներն առանձնանում են իրենց հոգեկան հատկանիշներով՝ բարությամբ, մերձավորի նկատմամբ հոգատարությամբ, և նրանց ողջ կյանքն անցնում է յուրահատուկ երկրում՝ Մարշրուտկաստանում։

«Հերոսների կյանքի մեծ մասն անցնում է տոթ, մարդկանցով լի ավտոբուսում»,- հավելեց նա։

Այսպիսով, այս օրերին Մարշրուտկաստան երկիրը տեղափոխվել է Երևան։ Ավտոբուսի երթուղին սկսվեց Թումանյանի անվան Պետական տիկնիկային թատրոնի շենքից։ Երթևեկել ցանկացողներին ընդունեց տարօրինակ հագնված տոմսավաճառ կինը՝ ավելը ձեռքին։ Նա մեծ իրարանցումով ստուգում էր ուղևորների տոմսերը, որպեսզի որևէ մեկը չերթևեկեր անտոմս։ Ներկայացման ընթացքում  նախատեսված կանգառներում ավտոբուս էին նստում հերթական դերասանները։

«Հանդիսատեսը, նույն իրենք՝ ուղևորները, վկա են դառնում, թե ինչպես է երկու դերասանների՝ գողի ու գեղեցկուհու միջև սեր ծնվում, ինչպես է տոմսավաճառուհին երեխա ունենում, ծեր տատիկը՝ մահանում»,- հավելեց բեմադրիչը։

Ամբողջ ներկայացման ընթացքում դերասաններն ինտերակտիվ խոսակցության էին բռնվում հանդիսատեսի հետ, դիմում էին նրանց օգնությանը։

Այսպես, հանդիսատեսից ընտրվեցին դատավոր, փաստաբան և դատախազ՝ դրամապանակ գողացած գողի գործի քննությունը վարելու նպատակով։ Բոլոր  դերասանների հագուստում նարնջագույն կար։ Բեմադրիչի խոսքերով, հենց նարնջագույնի առկայությունն էր միավորում բոլոր դերասաններին։

HighFest վեցերորդ միջազգային թատերական փառատոնը, որին կմասնակցեն 30 երկրների (Հայաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Կանադա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա, Էստոնիա, Ղազախստան և այլն) դերասաններ ու պարողներ, կանցկացվի Երևանում և Գյումրի քաղաքում հոկտեմբերի 4-12-ը։ Հանդիսատեսին կցուցադրվի 100 ներկայացում, որոնք կցուցադրվեն 17 թատերաբեմերում։--0—