ՀՀ նախագահի ինքնաթիռի սպասարկումն իրականացնելու համար հատկացվեց մոտ 1 մլն եվրո

Չորեքշաբթի ՀՀ կառավարությունը հանրապետության նախագահի աշխատակազմին մոտ 1 մլն եվրո հատկացնելու մասին որոշում ընդունեց՝ Բորտ N1-ի սապասարկման աշխատանքներն իրականացնելու նպատակով, հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը։
«Գումարը կտրամադրվի «Մեքենաների ու սարքավորումների ընթացիկ վերանորոգում և պահպանում» հոդվածով»,- ասաց նա կառավարական նիստի ընթացքում։
Միաժամանակ Դավթյանն ավելացրեց, որ տվյալ հատկացումները կատարվում են տասը տարին մեկ։
2007թ. դեկտեմբերին Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել 1998թ. արտադրության «Էյրբաս» Ա-319 մակնիշի ինքնաթիռ, որը նախատեսվում է շահագործել ներկայացուցչական նպատակներով` մինչ այդ օգտագործվող 1977թ. արտադրության Տու-134 մակնիշի ինքնաթիռի փոխարեն:
Ինքնաթիռի հիմնական ուղևորն է լինելու Հանրապետության նախագահը, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, ՀՀ այլ բարձրաստիճան անձանց գլխավորած պատվիրակություններն` արտասահմանյան այցերի մեկնելիս:
«Էյրբաս» Ա-319 ինքնաթիռը ձեռք է բերվել արևելյան ավիացիոն շուկայում՝ 45 մլն. ԱՄՆ դոլարով: Նշված գումարից 15 մլն ԱՄՆ դոլարը արդեն իսկ վճարել են հայ բարերարները, որոնց անունները, իրենց խնդրանքով, չեն հրապարակվում: Մնացյալ գումարը վճարելու նպատակով ձևակերպվել է վարկ` 10 տարի մարման ժամկետով: --0—