Հայաստանում հանվելու են ազգային փոքրամասնությունների լեզուներով հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման ժամերի սահմանափակումները

ՀՀ կառավարությունը չորեքշաբթի որոշում է ընդունել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրինագծում փոփոխություններ անելու մասին՝ ազգային փոքրամասնությունների լեզուներով հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման ժամերի սահմանափակումները հանելու համար, ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Գևորգ Մալխասյանը։
Նրա խոսքերով, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի համաձայն՝ ազգային փոքրամասնությունների լեզուներով հատուկ հաղորդումների հեռարձակման համար Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում (ՀՀՀ) նախատեսվում էր շաբաթը մեկ ժամ, իսկ Հայաստանի հանրային ռադիոյի (ՀՀՌ) եթերում՝ ամեն օր մեկ ժամ։
«Նման դրույթը սկզբունքորեն սահմանափակում է ազգային փոքրամասնությունների հնարավորությունները՝ ՀՀՀ-ի և ՀՀՌ-ի եթերում ազգային լեզուներով հաղորդումների հեռարձակման համար, ինչպես նաև մասնակիորեն սահմանափակում է մայր լեզվով տեղեկատվություն ստանալու՝ ազգային փոքրամասնությունների իրավունքը», - ընդգծեց նա։
Մալխասյանն ընդգծեց, որ նման սահմանափակումը արդարացված չէ, և այն հանելը ոչ մի վնաս չի հասցնի պետությանն ու հասարակությանը։ «ՀՀՀ-ն և ՀՀՌ-ն պետք է իրենք որոշեն Հայաստանի տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների լեզուներով հաղորդումների հեռարձակման ժամերը», - ավելացրեց նա։
Հայաստանում բնակվում են 11 ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ՝ ասորիներ, բելառուսներ, վրացիներ, գերմանացիներ, հույներ, հրեաներ, քրդեր, լեհեր, ռուսներ, ուկրաինացիներ և եզդիներ։ Ազգային փոքրամասնությունները կազմում են Հայաստանի բնակչության 4 տոկոսը (հանրապետության բնակիչների ընդհանուր թիվը 3,2 միլիոն մարդ է)։-0-