Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր տարբերանշանի վրա կրկին պատկերված կլինի Արարատ լեռը

08.10.2008, 13:41
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր տարբերանշանի վրա կրկին պատկերված  կլինի Արարատ լեռը
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր տարբերանշանի վրա կրկին պատկերված  կլինի Արարատ լեռը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նոր տարբերանշանի վրա կրկին պատկերված կլինի երկրի ազգային խորհրդանիշը՝ Արարատ լեռը, տեղեկացրեց Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը։

Թուրքիայի հետ ֆուտբոլային հանդիպման նախօրեին տեղի ունեցավ «FFA» նոր տարբերանշանի շնորհանդեսը։ Տարբերանշանի հիմքում ընկած են Հայաստանի պետական զինանշանի մոտիվները՝ արծվի ու առյուծի ձեռքում է կարմիր, կապույտ, նարնջագույն ներկված վահանը, որի վրա պատկերված են «FFA» տառերն ու ֆուտբոլային գնդակ։ Դրանով իսկ տարբերանշանի վրայից վերացավ Արարատ լեռան պատկերը, ինչը, ոմանց կարծիքով, զիջում և նախապայման դարձավ Թուրքիայի նախագահ Գյուլի՝ Հայաստան այցի համար։

«Մենք չէինք մտածում, որ նոր տարբերանշանի շնորհանդեսը նման քաղաքական երանգ կստանա և որ այս հարցի շուրջ նման աղմուկ կբարձրանա։ Առանց Արարատի պատկերի նոր տարբերանշանը կապ չուներ Թուրքիայի խաղի հետ», - ընդգծեց Հայրապետյանը չորեքշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա նշեց, որ տարբերանշանի փոփոխման մասին որոշումն ընդունվել էր մինչ այն պահը, երբ վիճակահանության արդյունքում Հայաստանն ու Թուրքիան հայտնվեցին մեկ խմբում՝ աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում։

«Տարբերանշանի փոփոխման մրցույթը հայտարարվել էր 1 տարի յոթ ամիս առաջ», - հիշեցրեց նա։

Միաժամանակ ՀՖՖ-ի նախագահը ընդունեց, որ տարբերանշանի փոփոխությունը սխալ էր և ներողություն հայտնեց ֆուտբոլի բոլոր երկրպագուներին և հայ ժողովրդին։

Հայրապետյանի խոսքերով, ստեղծված իրավիճակից դուրս գալու համար Ֆեդերացիան կներկայացնի նոր տարբերանշանը։ «Այժմ մենք աշխատում ենք նոր տարբերանշանի վրա, և իմ կողմից առաջարկություն է արվել նրա վրա պատկերել Արարատ լեռը», - ասաց ֆեդերացիայի նախագահը։

Նա նաև ավելացրեց, որ ազգային հավաքականի ֆուտբոլիստների համազգեստի վրա կպատկերվի Հայաստանի զինանշանի օրիգինալ տարբերակը՝ առանց ֆուտբոլային գնդակի պատկերի։-0-