ՀՀ ՓՄՁ ներկայացուցիչներին հարկային փոփոխությունների մասին իրազեկման ծրագիրը մեկնարկում է հոկտեմբերի 10-ից

08.10.2008, 10:23
ՀՀ ՓՄՁ ներկայացուցիչներին հարկային փոփոխությունների մասին իրազեկման ծրագիրը մեկնարկում է հոկտեմբերի 10-ից

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության ներկայացուցիչներին հարկային փոփոխությունների մասին իրազեկման ծրագիրը մեկնարկում է հոկտեմբերի 10-ից։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրեն Իշխան Կարապետյանը։

«ՓՄՁ ներկայացուցիչների համար հոկտեմբերի 10-ից Հայաստանի բոլոր մարզերում ծանոթացնող և ուսուցանող միջոցառումներ կանցկացվեն հարկային դաշտում օրենսդրական փոփոխություններին ծանոթանալու համար»,- ասաց Կարապետյանը։  

Նա նշեց, որ միջոցառումներն անցկացվում են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համատեղ և կշարունակվեն 2009 թ.-ի ընթացքում։

Նրա խոսքերով, միջոցառումների շրջանակներում բիզնես ծառայություններ մատուցող կազմակերպությունների մասնագետների համար նաև վերապատրաստման դասընթացներ կանցկացվեն։  

Միևնույն ժամանակ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպա Սերգեյ Կապինոսը նշեց, որ շուկայական տնտեսության զարգացման խոչընդոտներից մեկը ադմինիստրավորման խնդիրն է։  

«Որքան օրենքի քիչ մեկնաբանություններ կան, այնքան ռիսկն ավելի փոքր է, իսկ բիզնեսի զարգացման հաջողության երաշխիքները շատ»,- ասաց Կապինոսը՝ ընդգծելով օրենսդրությունում մտցված փոփոխությունների պարզաբանումների ներկայացման անհրաժեշտությունը։ 

Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը հիմնադրվել է 2002 թվականին։ 2007 թ.-ին Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության պետական սատարման ծրագրի իրականացման համար երկրի պետբյուջեից 400 մլն դրամ գումար է հատկացվել (ավելի քան 1,3 մլն դոլար)։ --0--