Հայաստան են ժամանում Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային Ժողովի Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի անդամները
Հոկտեմբերի 8-ին Հայաստան են ժամանում Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային Ժողովի Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի անդամները` Քրիստին Էգերզեգի-Օբրիստի գլխավորությամբ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հոկտեմբերի 8-ին նախատեսված է հանդիպում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Ազգային ժողովում պատվիրակությանը կընդունի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, նախատեսված է նաև հանդիպում ԱԺ Հայաստան-Շվեյցարիա բարեկամության խմբի անդամների հետ` խմբի ղեկավար Արա Բաբլոյանի գլխավորությամբ: Պատվիրակության անդամները կայցելեն նաև Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտ:
Հոկտեմբերի 9-ին Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային Ժողովի Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի անդամներին կընդունեն ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանը, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոյանը:
Պատվիրակության անդամները կլինեն նաև հայ-շվեյցարական մասնագիտացված դպրոցում: Նույն օրը պատվիրակության անդամները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք կմատուցեն հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Հոկտեմբերի 10-ին Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային Ժողովի Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի անդամները կլինեն Հայաստանում ԼՂՀ ներկայացուցչությունում: Նույն օրը նախատեսված է հանդիպում ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հետ:
Պատվիրակության անդամները հանդիպում կունենան նաև ընդդիմության ներկայացուցիչների հետ: Ազգային ժողովում կկազմակերպվի բարեկամության խմբերի համատեղ մամլո ասուլիսը: Նույն օրը Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային Ժողովի Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի անդամները կլինեն «Արաբկիր» և «ARBES» բժշկական կենտրոններում:
Հոկտեմբերի 11-ին պատվիրակության անդամներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կընդունի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը, այնուհետև նրանք կայցելեն Արագածոտնի մարզ, Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարան:
Հոկտեմբերի 12-ին Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային Ժողովի Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի անդամները կլինեն Շիրակի մարզում` Գյումրիի «Արևամանուկ» հոգեբանական կենտրոնում: Նույն օրը նախատեսված է հանդիպում «Օրգանական գյուղատնտեսության զարգացում» և «Խաղաղություն ու հաշտություն» ծրագրերի պատասխանատուների հետ:
Հոկտեմբերի 13-ին պատվիրակությունը կմեկնի Երևանից: -0--