ՀՀ քաղաքացին միջին հաշվով 5 անգամ պակաս գինի է օգտագործում, քան օղի. Գինեգործների միության նախագահ

07.10.2008, 16:24
ՀՀ քաղաքացին միջին հաշվով 5 անգամ պակաս գինի է օգտագործում, քան օղի. Գինեգործների միության նախագահ
ՀՀ քաղաքացին միջին հաշվով 5 անգամ պակաս գինի է օգտագործում, քան օղի. Գինեգործների միության նախագահ

ՀՀ քաղաքացին միջին հաշվով տարեկան 1,5 լիտր գինի է օգտագործում, այն դեպքում երբ օգտագործվող օղու քանակը տարեկան 8 լիտր է կազմում, հայտարարեց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը։

Համեմատության համար Հարությունյանը նշեց, որ միջին եվրոպացին տարեկան 50 լիտր գինի և 0,5 լիտր օղի է օգտագործում։

«Գործածվող գինու քանակով Հայաստանը աշխարհում 66-67-րդ տեղում է 72 երկրների շարքում, այսինքն՝ վերջին տեղերում։ Օղու օգտագործման քանակով մեր երկիրը առաջինների շարքում է։ Սրանք անընդունելի ցուցանիշներ են գինեգործության ավանդույթներով ու կուլտուրայով հարուստ երկրի համար»,- ասաց Գինեգործների միության նախագահը։  

Հարությունյանը կարծում է, որ այս երևույթի պատճառների արմատները դեպի պատմություն են տանում, երբ ավելի շահավետ էր օղի արտադրել, քան գինի։ Նրա կարծիքով, պատճառներից մեկն էլ ֆինանսականն է, այսինքն այն հանգամանքը, որ օղու գինը զգալիորեն պակաս է գինու արժեքից։    

«Գինեգործության կուլտուրայի պահպանման համար անհրաժեշտ է պետական մոտեցում այս հարցին։ Գինեգործների միությունը բազմիցս առաջարկել է օղու նվազագույն արժեքի նշանաձող սահմանել, որպեսզի մարդիկ օղու փոխարեն նախապատվությունը գինուն տան։ Մենք խնդիրներ ունենք նաև հարկային ոլորտում»,- նշեց Հարությունյանը։   

Խոսելով միջազգային ասպարեզում հայկական գինիների տեղի մասին՝ Գինեգործների միության նախագահը նշեց, որ գինու արտահանման ժամանակ տրանսպորտային մեծ ծախսերը դրա գինն արտասահմանում անմրցունակ են դարձնում։ --0--