ԵԱՀԿ-ն կաջակցի Հայաստանին երիտասարդության խնդիրների լուծման հարցում
Երեքշաբթի Երևանում երիտասարդական քաղաքականության բնագավառում համագործակցության համաձայնագիր ստորագրեցին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը։
Կապինոսի խոսքերով, տվյալ համագործակցությունն ուղղված է քաղաքացիական հասարակության կայացման և զարգացման գործընթացներում երիտասարդության ակտիվության բարձրացմանը, մասնավորապես, երիտասարդների սոցիալական ակտիվության և պատասխանատվության բարձրացմանը որոշակի խնդիրներ լուծելիս, որոնց նրանք հանդիպում են տարածաշրջաններում։
«Ես ցանկանում եմ ողջունել տարածաշրջանային երիտասարդական կենտրոնների ցանցի ընդլայնումը, որն իրականացվում է Սպորտի և երիտասարդության նախարարության կողմից, և մենք հնարավորինս կամրապնդենք և կաջակցենք այդ կենտրոնների գործունեության ընդլայնմանը»,- նշեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը։
Ըստ նրա, տարածաշրջանային երիտասարդական կենտրոնների համատեքստում հիմնական ուշադրությունը դարձվելու է այդ կառույցների Վարչությունների խորհուրդների ժողովրդավարության զարգացմանը, երիտասարդ առաջնորդների բացահայտմանն ու առաջադրմանը, մարդկանց, ովքեր ընդունակ են իրենց վրա պատասխանատվություն վերցնել, ովքեր ունեն կազմակերպչական ընդունակություններ և ովքեր պատրաստ են դրսևորել իրենց որպես քաղաքացիական անձինք։
«Երիտասարդական տարբեր ծրագրերի իրականացման աջակցությունից բացի, ԵԱՀԿ բյուրոն նախատեսում է տարածաշրջանային երիտասարդական կենտրոններում ԵԱՀԿ անկյուններ ստեղծել»,- նշեց Կապինոսը։
«ԵԱՀԿ և Հայաստանի համագործակցության այս ուղղությունը շատ մեծ հեռանկարներ ունի, և մենք կփորձենք մեր համագործակցության ընթացքում առաջնահերթ ուշադրություն դարձնել այն խնդիրներին, որոնց հետ առնչվում է երիտասարդությունը»,- ասաց Կապինոսը։
Իր հերթին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը նշեց, որ 2007թ. երկրի բոլոր մարզերում ստեղծված երիտասարդական կենտրոնները կարողացան կորիզ ստեղծել, որի շուրջ է հավաքվում ակտիվ երիտասարդությունը։
Այդ կենտրոններում միջոցառումներ են կազմակերպվում, և տեղեկատվական, այդ թվում՝ իրավաբանական, բժշկական բնույթի ծառայություններ են մատուցվում։
«Կառավարության 2008-2012թթ. գործունեության ծրագրում արդեն կա մարզայինից համայնքային կենտրոնների անցնելու նախաձեռնությունը։ 2009թ.-ին բյուջետային ծրագրերի շրջանակներում երիտասարդական կենտրոններ կստեղծվեն չորս մարզերում»,- ասաց նախարարը։ -0-