Վրաստանում առկա խնդիրները բացառապես արտաքին ազդեցությամբ բացատրելու միտում կա. փորձագետ

06.10.2008, 19:48
Վրաստանում առկա խնդիրները բացառապես արտաքին ազդեցությամբ բացատրելու միտում կա. փորձագետ
Վրաստանում առկա խնդիրները բացառապես արտաքին ազդեցությամբ բացատրելու միտում կա. փորձագետ

Վրաստանի քաղաքականության մեջ ազգային և քաղաքական ոլորտում առկա խնդիրները բացառապես արտաքին ազդեցությամբ բացատրելու միտում կա, կարծում է հայ քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

Այդ մասին նա հայտնեց երկուշաբթի, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած Երևան-Թբիլիսի տեսակամուրջի ընթացքում՝ մեկնաբանելով վրացական կողմի մտավախությունները Երևան-Բաթումի ավտոճանապարհի շինարարության մասին պայմանավորվածության վերաբերյալ, որը ձեռք էր բերվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Թբիլիսի կատարած այցի ընթացքում։

Վրաստանի մի շարք քաղաքական գործիչներ և քաղաքագետներ կարծում են, որ նոր ավտոճանապարհը, որն անցնելու է վրացական հայաբնակ Ջավախքի տարածքով, կդառնա երկրորդ «Ռոկի թունելը»՝ հայտարարելով այնտեղ հնարավոր ռուսական սպառնալիքի և անջատողական տրամադրությունների վտանգի  մասին։

Իսկանդարյանի խոսքերով, համաձայն այդ հայեցակարգի, վրաց-օսական հակամարտության պատճառը բացառապես Ռոկի թունելն է, իսկ աբխազական հակամարտության պատճառը՝ բացառապես Փսոուով անցնող ճանապարհի առկայությունը։

«Այս վարկածի հետ ես համաձայն չեմ։ Թունելներից հակամարտություններ չեն ծագում։ Վրաստանում Հարավային Օսեթիայի և Աբխազիայի հետ խնդիրները  ծնվել են այս տարվա օգոստոսից շատ առաջ և ոչ այն պատճառով, որ կան թունելներ և ճանապարհներ»,- նշեց Իսկանդարյանը։

Փորձագետը նշեց, որ կարելի է տասնյակ հակամարտություններ թվարկել, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտությունը, որտեղ Ռոկի թունել չի եղել։

«Ես կարող եմ նշել տասնյակ տարածաշրջաններ, որտեղ հսկայական թվով «Ռոկի թունելներ» կան, բայց հակամարտություն չկա։ Հյուսիսային Ղազախստանի, որտեղ ռուսներ են ապրում, և Ռուսաստանի միջև տասնյակ, եթե ոչ հարյուրավոր ճանապարհներ կան, բայց այնտեղ ապստամբություններ չեն լինում»,- ասաց նա։

Փորձագետի խոսքերով, Ադրբեջանից դեպի Վրաստան են գնում բավական շատ կոմունիկացիաներ, այդ թվում՝ նավթա և գազատարներ, ավտո և երկաթուղիներ, բայց Քվեմո-Քարթլին (Վրաստանի ադրբեջանաբնակ տարածաշրջան) ապստամբություն չի բարձրացնում։

«Այսինքն, այն գաղափարը, թե հակամարտությունները կարելի է կարգավորել բացարձակ մեկուսացմամբ, և որպեսզի  հայերը Ջավախեթիում անկարգություն չանեն, նրանց պետք է ամեն կողմից շրջապատել, ինձ ինքնին ռելևանտ չի թվում, և ես համաձայն չեմ հարցի նման ձևակերպմանը»,- նշեց Իսկանդարյանը։

Ըստ նրա, այդ ճանապարհն, անկասկած, պետք է Հայաստանին՝ ինչպես ձեռնարկատերերին բեռնափոխադրման համար, այնպես էլ զբոսաշրջիկներին, և ճանապարհի միջոցով բիզնեսի առումով կկենդանանան ինչպես հայաբնակ, այնպես էլ Աջարիայի լեռնային շրջանները, որոնք չի կարելի անվանել «ամենահարուստ շրջաններն աշխարհում»։

«Բացի այդ, Ախալքալակում բնակվում են վրացահայեր։ Նրանք Վրաստանի նույնպիսի քաղաքացիներ են, ինչպես և մյուսները, և դեպի Բաթումի ճանապարհ ունենալն իրենց համար օգտակար կլիներ, իսկ խոսել այն մասին, թե վրացահայերի համար ճանապարհ կառուցելուց հետո նրանք կապստամբեն, իմ կարծիքով նշանակում է սադրել նրանց դժգոհության»,- ասաց Իսկանդարյանը։

Իր հերթին, հայ փորձագետ, Երևանի պետական համալսարանի պրոռեկտորի տեղակալ Ալեքսանդր Մարկարովը գտնում է, որ նման հայտարարությունները Վրաստանում առանձին անձանց կողմից լուրջ արձագանք չգտան այդ երկրի լուրջ քաղաքական դերակատարների մոտ։

«Լեռնանցքները հակամարտություններ չեն առաջացնում։ Հնարավոր է՝ դրանք մարդիկ են, ովքեր առաջացնում են խնդիրներ կամ մտավախություններ»,- ասաց նա։

Մեկնաբանելով որոշ վրաց փորձագետների հայտարարությունները ավտոճանապարհի տնտեսական նպատակահարմարության կասկածելիության վերաբերյալ՝ Մարկարովը նշեց, որ նախագծերից շատերը, որոնց մասնակցում է Վրաստանը, առաջ էին գալիս որ այնքան տնտեսական, որքան քաղաքական նպատակահարմարությունից։

Հայկական կողմի համոզմամբ, Երևան- Բաթումի ավտոճանապարհը, որը ֆինանսավորելու է Ասիական զարգացման բանկը, կարող է շահագործման հանձնվել արդեն երկու տարի հետո։

Ճանապարհը կկրճատի Երևանից դեպի Սև ծով տարածությունը շուրջ 30 տոկոսով։ Ներկայում Երևան-Բաթումի ճանապարհի երկայնությունը կազմում է մոտ 700 կմ։ Նոր ճանապարհի դեպքում այն կկրճատվի մինչև 450 կմ։ -0-