ՀՀ նախագահի այցը Վրաստան խորհրդանշական բնույթ էր կրում. փորձագետ

06.10.2008, 17:35
ՀՀ նախագահի այցը Վրաստան խորհրդանշական բնույթ էր կրում. փորձագետ
ՀՀ նախագահի այցը Վրաստան խորհրդանշական բնույթ էր կրում. փորձագետ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Վրաստան շատ կարևոր և խորհրդանշական բնույթ ուներ, ասաց հայ քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը ՀՀ նախագահի՝ Թբիլիսի կատարած այցի արդյունքների հիման վրա անցկացված Երևան-Թբիլիսի տեսակամուրջի ընթացքում։

«Այցը շատ կարևոր նշանակություն ունի մեր երկու երկրների համար։ Մենք հասկանում ենք, թե ինչ մտավախություն է ծագել Վրաստանի և վրաց ղեկավարության մոտ Հարավային Կովկասի իրավիճակի վերաֆորմատավորումից հետո։ Հարավային Կովկասը կտրուկ փոխվեց օգոստոսյան պատերազմից հետո, և Վրաստանի համար այս նոր պայմաններում շատ կարևոր է ուրվագծել Հայաստանի, հայկական պետության և քաղաքական էլիտայի դիրքորոշումը»,- երկուշաբթի ասաց Իսկանդարյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Նրա խոսքերով, հայկական էլիտայի համար էլ ավելի կարևոր էր արտահայտել այդ դիրքորոշումը՝ հնարավոր մտավախությունները ցրելու կամ գոնե թուլացնելու նպատակով։

«Այս այցն ամենից առաջ խորհրդանշական էր։ Մենք բոլորս հասկանում ենք, որ պատերազմից հետո տարբեր ուժերի կողմից առկա էին ճնշման խնդիրներ, այս կամ այն երկրներին որոշ նոր իրողություններ ճանաչել կամ չճանաչել ստիպելու փորձեր, որոնք ձևավորվում են տարածաշրջանում, և, համապատասխանաբար, տարածաշրջանի երկրները կասկածներ և մտավախություններ ունեին միմյանց նկատմամբ»,- հայտնեց հայ քաղաքագետը։

Ըստ նրա, Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները երբեք չէին կարող շատ վատը լինել։ «Դրանք միշտ բավական բարեկամական էին, նորմալ, դժվարությունները հնարավոր էր լինում հարթել։ Հայ քաղաքականության մեջ դա ընդունված է կոմպլեմենտարիզմ կոչել»,- ասաց Իսկանդարյանը։

Նա նշեց, որ Հայաստանը յուրահատուկ աշխարհագրական դիրք է զբաղեցնում, երբ երկու հարևանների համար նրա սահմանները բաց են, երկուսն էլ գերտերությունների հետ յուրահատուկ հարաբերությունների ձևաչափ ունեն՝ չափազանց ինքնատիպ իրանաամերիկյան և չափազանց ինքնատիպ վրաց-ռուսական հարաբերություններով։

«Հայաստանը ստիպված է ապրել դրա հետ, այսինքն, չի կարելի շատ նեղացնել գերտերություններին՝ ԱՄՆ-ին և Ռուսաստանին, միաժամանակ պետք է նորմալ հարաբերություններ պահպանել հարևանների հետ։ Բայց տարածաշրջանի կտրուկ փոփոխումից հետո պետք էր դա ապացուցել, ասել դա բարձրաձայն, և դա արվեց այցի միջոցով, ու ես կարծում եմ, որ դրանում է հիմնական նշանակությունը»,- նշեց Իսկանդարյանը։

«Կարծում եմ, որ խորհդանշական առումով չափազանց կարևոր է այն, որ Հայաստանը նշանակալի չափով կարողացավ ցրել վրաց քաղաքական էլիտայի և վրացական քաղաքացիական հասարակության մոտ առկա մտավախությունները»,- հավելեց նա։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով Վրաստանում էր գտնվում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը։ Այցի շրջանակներում նա հանդիպումներ ունեցավ իր վրացի գործընկեր Միխայիլ Սահակաշվիլիի, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Դավիթ Բակրաձեի հետ։ -0-