Հարավային Օսեթիայի իրադարձությունները կտրուկ ընդհատեցին Ադրբեջանի ռազմական հռետորականությունը. հայ քաղաքագետ

03.10.2008, 20:00
Հարավային Օսեթիայի իրադարձությունները կտրուկ ընդհատեցին Ադրբեջանի ռազմական հռետորականությունը. հայ քաղաքագետ

Հարավային Օսեթիայի դեպքերից հետո ռազմական հռետորականությունը, որը մինչ այդ անընդհատ հնչում էր Ադրբեջանում, հանկարծ կտրուկ դադարեց ու միանգամայն այլ դարձավ, ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Օգոստոսի սկզբին Ադրբեջանում, որոշակի խուճապից հետո, հաղթանակեցին, այսպես կոչված, պրագմատիկները, և խաղաղ հռետորականության թեման այժմ հնչում է Ադրբեջանի նախագահի բացարձակապես բոլոր հանդիպումների ժամանակ, ում հետ էլ դրանք լինեն»,- ուրբաթ Իսկանդարյանն ասաց «Հայ-թուրքական երկխոսություն. Թուրքիայի դիրքորոշումը և հետևանքները թուրք-ադրբեջանական հարաբերությունների համար» թեմայով կլոր սեղանի ընթացքում։

Նա նշեց, որ հակամարտության ռազմական լուծման հեռանկարը Ադրբեջանի կողմից բացառվում է։ «Իհարկե, դա հավերժ չէ, բայց այսօրվա դրությամբ դա այդպես է»,- ընդգծեց նա։ 

Իսկանդարյանը կարծում է, որ Ադրբեջանում ռազմական հռետորականության վերսկսումը կախված է այն բանից, թե կկարողանա՞, արդյոք, Երևանը ակտիվ և լուրջ քաղաքականություն վարել այն բանի համար, որ օգտվի Անկարայի հետ հարաբերություններ հաստատելու հնարավորությունից, ինչպես նաև Թուրքիայի ներսում կատարվող իրադարձություններից։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-