Հայաստանի օմբուդսմենը ողջունում է մարտյան դեպքերի մասին փաստահավաք հանձնաժողովի ստեղծման նախագիծը
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դրական է գնահատում Երևանում մարտի 1-2-ի դեպքերի վերաբերյալ փաստահավաք անկախ հանձնաժողովի ստեղծման նախագիծը։
Մարտյան դեպքերի մասին փաստահավաք առաքելություն ստեղծելու գաղափարն առաջ է քաշել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը։ Առաքելությունը չպետք է քաղաքական գնահատականներ տա։ Այս առաջարկը եվրահանձնակատարը հնչեցրել է հուլիսի 15-ին՝ ՀՀ ԱԺ խոսնակի հետ հանդիպման ժամանակ։
«Հավասարության հիմունքներով անկախ հանձնաժողովի ստեղծումը, որտեղ իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները կներկայացվեն հավասար քանակով, չափազանց կարևոր է»,- ասաց նա ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ։
Ընդ որում օմբուդսմենը հավելեց, որ մարտի 1-2-ի դեպքերի հետաքննությամբ և դրանց պատճառների ուսումնասիրությամբ զբաղվող ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովն առայժմ տվյալ իրադարձությունների վերաբերյալ մարդու իրավունքների պաշտպանի ուղղած տարրական հարցերի պատասխանները չի տվել։ «Քանի դեռ մենք չենք որոշակիացնում բոլոր անհասկանալի պահերը, մեր երկիրը չի կարող առաջ շարժվել ժողովրդավարության ուղով»,- հայտարարեց Հարությունյանը։
Մարդու իրավունքների պաշտպանը ցանկություն հայտնեց, որ անկախ հանձնաժողովն առաջիկայում ձևավորվի և աշխատանքի անցնի։ --0--