Հայաստանը պետք է նախաձեռնող լինի Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու գործում. քաղաքագետ

03.10.2008, 18:38
Հայաստանը պետք է նախաձեռնող լինի Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու գործում. քաղաքագետ

Հայաստանը պետք է նախաձեռնողի դերում հանդես գա Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու գործում, կարծում է Քաղաքացիական հասարակության և տարածաշրջանային զարգացման ինստիտուտի ծրագրերի համակարգող Շուշան Խաթլամաջյանը։   

«Այսօրվա դրությամբ հանրապետության արտաքին քաղաքականության առավել արդիական հարցը հայ-թուրքական հարաբերություններ հաստատելն է, և այդ համատեքստում դրական է Հայաստանի կողմից նախաձեռնության դրսևորումը»,- ուրբաթ Խաթլամաջյանն ասաց լրագրողներին։ 

Այս առնչությամբ քաղաքագետը դրական գնահատեց սեպտեմբերի 6-ին Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի այցը Երևան՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով։

«Կարծիք կա, որ այդ այցն ավելի շատ Թուրքիայի օգտին եղավ, քան Հայաստանի, քանի որ այդ երկիրը դրական գնահատականների արժանացավ Եվրոպայի կողմից, սակայն այս դատողությունները վաղաժամ են»,- ասաց նա։  

Ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ՝ առանց նախապայմանների։ Սակայն Թուրքիան երկկողմ հարաբերությունների հաստատաման համար առաջ է քաշում մի շարք նախապայմաններ, մասնավորապես, Հայաստանի կողմից Օսմանյան Թուրքիայում 1915թ.  իրագործված Եղեռնի ճանաչմանն ուղղված ջանքերից հրաժարվելը և ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը` հօգուտ Ադրբեջանի:--0—