Հայաստանը պետք է Ղարաբաղի անկախության ճանաչման քաղաքական ծրագիր ունենա. փորձագետ

03.10.2008, 15:07
Հայաստանը պետք է Ղարաբաղի անկախության ճանաչման քաղաքական ծրագիր ունենա. փորձագետ

Հայաստանը պետք է Ղարաբաղի անկախության ճանաչման քաղաքական հստակ ծրագիր մշակի, ասաց ԼՂՀ ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը։

 «Այդ քաղաքականությունը կարող է այլ կողմերի համար որոշ առումով պարտավորեցնող փաստաթուղթ դառնալ»,- ասաց նա ուրբաթ լրագրողներին։

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախության ճանաչմանը՝ Մելիքյանը նշեց, որ հայկական կողմն այս իրավիճակից շահ ունենալու իրական ցանկություն չունի, ինչի պատճառը հենց լուրջ քաղաքական ծրագրի բացակայությունն է։

«Վերջիվերջո, Լեռնային Ղարաբաղի և Կոսովոյի անկախությունը չճանաչելու որոշումը նույն Ռուսաստանինն էր, իսկ Հայաստանն այս առումով այսօր ինքնուրույն դերակատարություն չունի»,- գտնում է նա։

Ըստ նրա, ներկայում հայկական կողմը պնդում է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը ամենալավն ու միակն է։ «Սակայն միաժամանակ ակնհայտ է, որ բարձրացել է Ռուսաստանի դերը հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցում»,- ասաց նա։

Միաժամանակ Մելիքյանն ընդգծեց, որ Հայաստանին անհրաժեշտ է պատասխան քայլերի հստակ ծրագիր ունենալ որևէ մարտահրավերների դեպքում։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-