Հայաստանը ողջունում է տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովմանն ուղղված նախաձեռնությունները. ԱԳՆ ղեկավար

03.10.2008, 14:57
Հայաստանը ողջունում է տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովմանն ուղղված նախաձեռնությունները. ԱԳՆ ղեկավար
Հայաստանը ողջունում է տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովմանն ուղղված նախաձեռնությունները. ԱԳՆ ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը ողջունում է տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովմանն ուղղված նախաձեռնությունները, ուրբաթ հայտնեց ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով «Կովկասյան պլատֆորմի» ստեղծման թուրքական գաղափարին վերաբերող հարցին։

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկել է տարածաշրջանում աշխարհագրական սկզբունքով, ԵԱՀԿ սկզբունքների վրա հիմնված Կովկասի կայունության և անվտանգության Պլատֆորմ ստեղծել, որը նախատեսում է Հայաստանի, Ադրբեջանի, ինչպես նաև Ռուսաստանի, ԱՄՆ և Թուրքիայի մասնակցությունը։

«Այս գաղափարի հիմքում ընկած է տարածաշրջանում կայունության, անվտանգության, վստահության և համագործակցության ապահովումը։ Ես կարծում եմ, որ այս գաղափարներին չի կարող դեմ լինել ոչ միայն Հայաստանը, այլ նաև որևէ մեկը»,- լրագրողներին հայտնեց Նալբանդյանն իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո։

Միաժամանակ նա նշեց, որ կան բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում են այս նախաձեռնության գործառույթին, մեխանիզմներին, մասնակիցներին, ձևաչափին։
 
Նալբանդյանի խոսքերով, կայացել է այս նախաձեռնության քննարկման միայն առաջին փուլը։ «Ընդհանուր առմամբ, հայկական կողմից մենք ողջունեցինք բուն գաղափարը, եթե այն ուղղված է տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը, և մենք այս առումով պատրաստ ենք շարունակել խորհրդակցությունները»,- ասաց Նալբանդյանը։

Իր հերթին Լավրովը նշեց, որ Ռուսաստանը նույն դիրքորոշումն է որդեգրել։ «Մենք ողջունում ենք այն բոլոր քայլերը, որոնք ուղղված են յուրաքանչյուր տարածաշրջանում խաղաղ, կայուն և հարմարավետ իրավիճակի հաստատմանը տնտեսական, մարդասիրական, անվտանգության ապահովմանն ուղղված համագործակցության նպատակով»,- նկատեց ռուս նախարարը։

Նրա խոսքերով, թուրք գործընկերներն առաջ բերելով այս գաղափարը՝ իրենց գլխում չունեին պատրաստի սխեմաներ։ «Նրանք երկխոսության հրավիրեցին տարածաշրջանի երկրներին՝ քննարկելու, թե  ինչ ուղիներով է հնարավոր համատեղ լուծել այս հարցերը։ Արդեն տեղի է ունեցել կովկասյան տարածաշրջանի երկրների միջև երկկողմ շփումների շարքը։ Կարծում եմ, որ առաջիկայում այդ շփումները կշարունակվեն, և ձևաչափերը կընդլայնվեն»,- նշեց Լավրովը։ -0-