ՌԴ ԱԳՆ ղեկավարը Հայաստանում կքննարկի երկու երկրների փոխգործակցությունը անվտանգության ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Երևան կատարած այցի ընթացքում քննարկվող հիմնական թեմաները կլինեն Անդրկովկասում կայունության և անվտանգության ապահովման խնդիրները։
ՀՀ ԱԳՆ տվյալներով, մեկօրյա այցի ծրագրով նախատեսվում է Լավրովի և իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի բանակցությունները, համատեղ մամուլի ասուլիս, ինչպես նաև ռուս նախարարի հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։
Բանակցություններում կենտրոնական տեղը կզբաղեցնի Անդրկովկասի անվտանգության ոլորտում փոխգործակցության հարցը։ Նախարարները կքննարկեն տարածաշրջանի վերջին դեպքերը, հայկական կողմին կներկայացվեն Հարավային Օսեթիայի դեմ Վրաստանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի ռուսական գնահատականները և Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի անկախության ճանաչման մասին որոշումները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նախարարները կանդրադառնան ռուս-հայկական հարաբերություններում առաջնային պլան մղված տնտեսական խնդիրը։ Ինչպես ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում այցի նախօրեին հայտնել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն, Մոսկվայում ևս ակնկալում են համատեղ սերտ համագործակցությունը ԱՊՀ և ՀԱՊԿ շրջանակներում (հաշվի առնելով Հայաստանի նախագահությունը Կազմակերպությունում), ինչպես նաև այլ հեղինակավոր միջազգային կազմակերպություններում, այդ թվում՝ ՄԱԿ-ում, ԵԽ-ում և ԵԱՀԿ-ում։ Երևանում հանդիպումների ընթացքում առանձին ուշադրություն կդարձվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին։
«Ռուսասատանը մտադիր է շարունակել աջակցությունը հակամարտության կողմերին փոխընդունելի լուծում գտնելու ուղղությամբ։ Կողմնակից լինելով այս համատեքստում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին՝ Ռուսաստանը հաստատում է իր սկզբունքային դիրքորոշման անփոփոխությունը արցախյան հիմնախնդրի վերաբերյալ։ Մենք որպես ելակետ ենք ընդունում այն, որ գլխավոր պատասխանատվությունը կարգավորման բանաձևի վերջնական ընտրության հարցում կրում են հայերն ու ադրբեջանցիները։ Ռուսաստանը պատրաստ կլինի կողմ հանդես գալ խնդրի լուծման այն տարբերակին, որը կբխի հակամարտության կողմերի շահերից, իսկ փոխզիջողական պայմանավորվածություն ձեռք բերելու դեպքում հանդես կգա որպես կարգավորման երաշխավորող»,- ընդգծել է Նեստերենկոն։
Ըստ նրա, ՌԴ ԱԳՆ առաջիկա այցը Հայաստան պետք է ծանրակշիռ ներդրում լինի ռուս և հայ ղեկավարության կողմից իրականացվող երկկողմ հարաբերությունների համատարած զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված գործընթացում, ներառյալ արտաքին քաղաքականության բաղկացուցիչը։ -0-