Դավիթ Նալբանդյանը 10 տարի անց կրկին կխաղա Հայաստանի լավագույն թենիսիստ Հարություն Սոֆյանի հետ

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Աշխարհի ուժեղագույն թենիսիստներից մեկը՝ Արգենտինայի հայազգի մարզիկ Դավիթ Նալբանդյանը, Երևան կատարած իր առաջին այցի ընթացքում ընկերական խաղ կունենա Հայաստանի լավագույն թենիսիստ Հարություն Սոֆյանի հետ, հայտնեց Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Հարություն Փամբուկյանը։
«Այդ հանդիպումը Հայաստանի և Արգենտինայի լավագույն թենիսիստների ընկերական խաղը կլինի»,- ասաց Փամբուկյանը մամուլի ասուլիսին։
Փամբուկյանը հայտնեց, որ 10 տարի առաջ այս թենիսիտները հանդիպել են Մոսկվայում կայացած պատանեկան մրցաշարի շրջանակներում։ «Սոֆյանը խաղադաշտ դուրս կգա մրցելու աշխարհի լավագույն թենիսիտներից մեկի հետ, ով 2003 թվականից ընդգրկված է Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի վարկանշային տասնյակում»,- ավելացրեց Փամբուկյանը։
Հանրահայտ մարզիկը Երևանում է գտնվում արգենտինացի ձեռնարկատեր, «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության սեփականատեր Էդուարդո Էռնեկյանի հրավերով, ով մի շարք տնտեսական նախագծեր է իրականացնում Հայաստանում։
Թենիսիստը շնորհակալություն հայտնեց Էդուարդո Էռնեկյանին իր այցը Հայաստան կազմակերպելու համար։ «Ես հպարտ եմ, որ առաջին անգամ այցելել եմ իմ առաջին հայրենիք՝ Հայաստան»,- ասաց թենիսիստը։
Նալբանդյանը պատմական հայրենիք կատարած այցի ընթացքում մտադիր է վարպետության դասընթաց անկացնել հայ թենիսիստների համար:
Նալբանդյանը հայտնեց, որ Հայաստանում 2-3 օր կմնա, այդ օրերի ընթացքում մտադիր է շրջել մայրաքաղաքում և լինել քաղաքի տեսարժան վայրերում։ «Հույս ունեմ հաճախ այցելել Հայաստան և հաճելի պահեր անցկացնել այստեղ»,- ասաց նա։
Թենիսիստը լրագրողներին հայտնեց նաև, որ նախկինում ևս շատ է ցանկացել այցելել պատմական հայրենիք, սակայն ազատ ժամանակ չի կարողացել գտնել։
«Թենիսիստը բարդ ու ծանրաբեռնված կյանք է վարում, մրցաշարեր են անցկացվում ամեն շաբաթ։ Եվ մինչև նոր մրցաշարի սկսվելը ես Երևանում կմնամ»,- ավելացրեց Նալբանդյանը։
Խոսելով իր սպորտային նախապատվությունների մասին՝ թենիսիստը հայտնեց, որ շատ է սիրում գոլֆ և ֆուտբոլ խաղալ։ «Իմ բոլոր ընկերները հիմնականում ֆուտբոլիստներ են։ Մենք հաճախ ենք մեր ազատ ժամանակն անցկացնում ֆուտբոլ խաղալով»,- ասաց նա՝ ավելացնելով, որ նաև սիրում է ընկերների հետ ձկնորսության գնալ։
Նալբանդյանի երևանյան այցի կազմակերպիչներն են «Fruitful Armenia» չորրորդ համաժողովի կազմկոմիտեն, Հայաստանի թենիսի ֆեդերացիան՝ Master Class ակումբի հետ համատեղ, Կոնվերսբանկի հովանավորությամբ։
26-ամյա Նալբանդյանը Արգենտինայի թենիսի հավաքականի առաջատարն է և այժմ թենիսիստների համաշխարհային դասակարգման ցուցակում զբաղեցնում է յոթերորդ հորիզոնականը։ Նալբանդյանը թենիսով սկսել է զբաղվել 5 տարեկանից մի կորտում, որը սարքել էր իր հայ պապիկը։ Մարզիկի երակներում նաև գերմանացու արյուն է հոսում։ --0--