Հայաստանի կառավարությունը աշնանային զորակոչի կազմակերպման մասին որոշում է ընդունել

02.10.2008, 17:15
Հայաստանի կառավարությունը աշնանային զորակոչի կազմակերպման մասին որոշում է ընդունել
Հայաստանի կառավարությունը աշնանային զորակոչի կազմակերպման մասին որոշում է ընդունել

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ի կատարումն ՀՀ նախագահի «2008թ. աշնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» հրամանագրի, կառավարությունը հինգշաբթի որոշում է ընդունել աշնանային զորակոչի կազմակերպման մասին։

«2008 թ.-ի աշնանային զորակոչն անցկացվելու է սահմանված  կարգով` հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում»,- կառավարական նիստի ժամանակ ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

2008թ.-ի  աշնանային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով հանրապետության կառավարությունը որոշում է ընդունել ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով` ՀՀ պաշտպանության  նախարարի  նախագահությամբ, ինչպես նաև մարզային և Երևանյան զորակոչային հանձնաժողովներ: 

Որոշմամբ հաստատվել է նաև կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը`ՀՀ  զինվորական կոմիսարի նախագահությամբ:

ՀՀ պաշտպանության նախարարին հանձնարարվել է զորակոչից խուսափող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ նյութերն ուղարկել ՀՀ ԿԱ ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ: ՀՀ գլխավոր դատախազին առաջարկվել է` զորակոչից խուսափող ՀՀ քաղաքացիների նկատմամբ  օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև այդ բնույթի գործերով հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը վերցնել անմիջական վերահսկողության տակ:

ՀՀ գլխավոր դատախազին առաջարկվել է նաև ՀՀ միջազգային պայմանագրերին և ՀՀ օրենսդրությանը  համապատասխան  իրականացնել  լրացուցիչ միջոցառումներ` ՀՀ-ից դուրս գտնվող  զորակոչից խուսափող անձանց հետախուզման և հանրապետություն վերադարձնելու  համար:

Հանձնարարվել է նաև ՀՀ նախարարներին, պետական կառավարման այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից) ղեկավարներին` քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակները ստանալուց հետո, նրանց  նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական և այլ ոլորտներում ՀՀ օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին, ինչպես նաև  իրավասության սահմաններում ապահովել ՀՀ զորակոչային տարիքի  քաղաքացիների ներկայանալը զինկոմիսարիատներ:

Համապատասխան  հանձնարարականներ են  տրվել ՀՀ  առողջապահության, տրանսպորտի և կապի նախարարներին, ՀՀ մարզպետներին և Երևանի  քաղաքապետին, ՀՀ ԿԱ ոստիկանության պետին, ազգային անվտանգության ծառայության տնօրենին, պետեկամուտների  կոմիտեի նախագահին:

Որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարվել է  ՀՀ  պաշտպանության  նախարարին և հանրապետական  զորակոչային հանձնաժողովին:--0--