Վազգեն Ա Կաթողիկոսի 100-ամյակին նվիրված գիրք է հրատարակվել Սուրբ Էջմիածնում

Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Ապրել գալիքի տեսիլքով» գիրքը, որում ընդգրկված են հայտնի հոգևորականների, գիտնականների և մտավորականության ներկայացուցիչների հիշողությունները Վազգեն Ա 130-րդ Կաթողիկոսի մասին։ Հրատարակությունը նվիրված է Կաթողիկոսի ծննդյան 100-ամյակին։
Գիրքը սկսվում է Գարեգին Բ Կաթողիկոսի օրհնության խոսքով, որում ասվում է, որ 130-րդ Կաթողիկոսը հաստատուն և հետևողական քայլերով նպաստել է Հայ Եկեղեցու առաքելության ամրապնդմանը։ «Նրա կաթողիկոսության շրջանին նորոգվեցին և վերաբացվեցին խոնարհված եկեղեցիներ, վերակազմավորվեցին թեմերը, նոր շունչ ստացան հոգևոր ճեմարանների գործունեությունը, «Էջմիածին» ամսագիրը, Մայր Աթոռի հրատարակությունները»,- նշել է Հայ Եկեղեցու ղեկավարը։
Նրա խոսքերով, Վազգեն Ա Կաթողիկոսի ջանքերով բարեկարգվեց Սուրբ Էջմիածինը։ «Սփյուռքի թեմեր կատարած իր հովվապետական բազմաթիվ այցելություններով շնորհազարդ Հայրապետը անգամ քաղաքական աննպաստ պայմաններում գործադրում էր ամեն ջանք, որպեսզի աշխարհասփյուռ հայությունը համախմբված լինի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շուրջ և ապրի ազգային-եկեղեցական կյանքի միասնականության մեջ: Մշտապես հավատարիմ մնալով խաղաղության, արդարության, եղբայրության համամարդկային արժեքներին` Վազգեն Վեհափառն ամրապնդեց Հայ Եկեղեցու ներկայությունը միջեկեղեցական կյանքում»,- նշել է Վեհափառ Հայրապետը։
«Նա երջանկությունն ունեցավ նաև օրհնելու Հայրենիքի անկախությունն ու Արցախի ազատագրումը»,- ասել է կաթողիկոսը։
Գրքում զետեղված են Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանի, Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի, Տիրայր արքեպիսկոպոս Մարտիկյանի, Իսահակ ծ. վրդ. Ղազարյանի, Եղիշե ավ. քհն. Սարգսյանի, Հակոբ Սիրունու, Վարդուհի Վարդերեսյանի, Սուրեն Գոլանջյանի, Վահրիճ Ճերեճյանի, Վիլյամ Սարոյանի, Վիլիկ Զաքարյանի, Բարունակ Թովմասյանի, Անդրանիկ Ծառուկյանի, Վասիլի Գրոսմանի, Կիմ Բակշիի, Անդրեյ Բիտովի, Հրանտ Մաթևոսյանի, Կարպիս Սուրենյանի, Սիլվա Կապուտիկյանի, Հակոբ Մխիթարյանի, Ռիչարդ Հովհաննիսյանի, Երվանդ Մելքոնյանի, Զոհրապ Չաղայանի, Փայլակ Անթաբյանի և Զորի Բալայանի հուշերը:
Իբրև հավելված` գրքում զետեղված են նաև 47 լուսանկարներ: -0-