Լավրովը Երևանում կքննարկի Անդրկովկասի անվտանգության ոլորտում ՌԴ և Հայաստանի փոխգործակցությունը

01.10.2008, 17:19
Լավրովը Երևանում կքննարկի Անդրկովկասի անվտանգության ոլորտում ՌԴ և Հայաստանի փոխգործակցությունը
Լավրովը Երևանում կքննարկի Անդրկովկասի անվտանգության ոլորտում ՌԴ և Հայաստանի փոխգործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Անդրկովկասում անվտանգություն ապահովելու գործում ՌԴ և Հայաստանի փոխգործակցությունը կքննարկի ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ հոկտեմբերի 3-ին Երևանում ունենալիք աշխատանքային այցի ընթացքում, «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում հայտնեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն։  

«Բանակցությունների օրակարգի կենտրոնական տեղերից մեկը կզբաղեցնի փոխգործակցության խնդիրը՝ Անդրկովկասում անվտանգության ու կայունության ապահովման նպատակով։ Նախարարները կքննարկեն ներկայիս վրացական ռեժիմի՝ Ռուսաստանի հարավային սահմանների մոտ դրամատիկ իրադարձությունների հանգեցրած անպատասխանատու և բախտախնդիր  գործողություններից հետո տարածաշրջանում տիրող իրավիճակը։

«Էդվարդ Նալբանդյանը կտեղեկանա նաև Հարավային Օսեթիայի նկատմամբ Վրաստանի ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակի ռուսական գնահատականների, ինչպես նաև Հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախության ճանաչման վերաբերյալ Ռուսաստանի ընդունած որոշումների մասին»,- ասաց նա։   

Նրա խոսքերով, Մոսկվայում նաև ԱՊՀ և ՀԱՊԿ շրջանակներում սերտ համագործակցության շարունակման հույս ունեն (հաշվի առնելով կազմակերպությունում Հայաստանի նախագահությունը), ինչպես նաև այլ հեղինակավոր միջազգային կազմակերպություններում, այդ թվում՝ ՄԱԿ, ԵԽ և ԵԱՀԿ։

Նախարարները կանդրադառնան նաև ռուս-հայկական հարաբերություններում առաջին պլան մղվող տնտեսական խնդիրներին։  

Դիվանագետը նաև նշեց, որ կշոշափվեն ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցերը։

«Ռուսաստանը մտադիր է այսուհետ ևս հակամարտող կողմերին աջակցություն ցույց տալ՝ երկուստեք ընդունելի լուծում գտնելու գործում։ Այդ համատեքստում սատարելով ԵԱՀԿ ՄԽ ջանքերին՝ Ռուսաստանը հաստատում է ԼՂՀ կարգավորման հարցում իր սկզբունքային դիրքորոշման անփոփոխությունը։ Ելնում ենք նրանից, որ կարգավորման բանաձևի վերջնական ընտրության հիմնական պատասխանատվությունը հայերի և ադրբեջանցիների վրա է ընկած։ Ռուսաստանը պատրաստ կլինի սատարել խնդրի լուծման այն տարբերակը, որը ձեռնտու կլինի հակամարտության մասնակից կողմերին, իսկ փոխզիջումային  պայմանավորվածություն ձեռք բերելու դեպքում հանդես կգա որպես կարգավորման երաշխավոր»,- ընդգծեց նա։

Ինչպես կարծում է Նեստերենկոն, ՌԴ ԱԳՆ ղեկավարի առաջիկա այցը Հայաստան պետք է ծանրակշիռ ներդրում ունենա հայ և ռուս ղեկավարությունների կողմից իրականացվող երկկողմ հարաբերությունների բազմակողմ զարգացման ու ամրապնդման ուղու ապահովման գործում՝ ներառյալ դրանց արտաքին քաղաքական բաղկացուցիչը։ --0--