Վրաստանի և Հարավային Օսեթիայի 117 քաղաքացիներ օգնության խնդրանքով դիմել են Հայաստանին
ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն գործակալություն են դիմել Վրաստանի 108 և Հարավային Օսեթիայի 9 քաղաքացիներ՝ վրաց-հարավօսկան հակամարտության արդյունքում ապաստան ստանալու դիմումով, հայտնեց Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը։
«Բոլոր դիմողներին ժամանակավորապես պաշտպանված անձանց կարգավիճակ կտրվի, որը Հայաստանում ապաստան ստանալու իրավունք կտա»,- չորեքշաբթի լրագրողներին ասաց նա։
Եգանյանի խոսքերով, ենթադրվում էր, որ դիմումների քանակն ավելին կլիներ, սակայն քանի որ հակամարտության սրված փուլը մի քանի օր տևեց, կանխատեսումները չիրականացան։
«Օգոստոսի 8-9-ին փախստականների գործով ՄԱԿ-ի գլխավոր կոմիսարի հետ ես անձամբ այցելեցի Հայաստանի սահմանամերձ անցակետեր և վկա դարձա այն բանին, որ հայ սահմանապահները կազմակերպված ձևով անցկացնում էին այն մարդկանց, ովքեր ապաստան էին փնտրում Հայաստանում կամ տուն էին վերադառնում, մեկնում էին իրենց հարազատների մոտ կամ Հայաստանը որպես տարանցիկ ճանապարհ էին ընտրել»,- հայտնեց նա։
Վրացական բանակը օգոստոսի 8-ին ռազմական գործողություններ էր ծավալել Հարավային Օսեթիայում, որի արդյունքում, հարավօսական աղբյուրների համաձայն, մահացել էր մոտ մեկուկես հազար մարդ։ Ռուսաստանը զորք էր ուղարկել հանրապետության բնակիչներին պաշտպանելու, որոնցից շատերը Ռուսաստանի քաղաքացիներ էին։
-0-